Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը այսօր` հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 8.40-ի սահմաններում մասնակիորեն փլվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կապանից: Տեղեկատվությունը ճշտելու նպատակով զրուցեցինք դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանի հետ: Նրա խոսքով` փլվելու ժամանակ շենքի ծայրամասում եւ հարակից տարածքում մարդիկ են եղել, որոնք, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել, տուժողներ չկան:
«Փլվել է շենքի միջնամասը, հետեւի մասը, նիստերի դահլիճից մինչեւ ճաշարան հատվածը: Շենքը վերանորոգման մեջ էր, նախագծերը պատրաստ էին, շինարարությունը նոր-նոր սկսվում էր, այդ հատվածը պետք է հեռացնեին: Շենքի հետեւի պատը տարիներ շարունակ ճաքճքած վիճակում է եղել, տարիների ընթացքում թուլացել էր, վտանգավոր էր, դրա համար էլ մտածում էինք, որ դա պետք է հեռացվի»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը: Այնտեղ այժմ քանդված վիճակ է, որոշ սենյակներ, գույք եւ սյուներ վնասվել են, սպասում են` մասնագետներ գան եւ նայեն, որոշեն վնասի չափը:


































