News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դուշանբեում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպման սկզբում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովին եւ Արարատ Միրզոյանին՝ «ԱՊՀ ԱԳ նախարարությունների խորհրդի մասնակցությունից օգտվելու ռուսական կողմի առաջարկին արձագանքելու համար», որպեսզի երեքով հանդիպում անցկացնեն, ինչը թույլ կտա շարունակել համատեղ աշխատանքը եռակողմ հայտարարությունների կատարման մոնիթորինգի ուղղությամբ», որոնք նախկինում ընդունվել էին ամենաբարձր մակարդակով։

«Մենք շահագրգռված ենք, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման եւ բարգավաճման գոտու»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Մոսկվայի համար կարեւոր է մեծացնել կողմերի միջեւ վստահությունը՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ «Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որը նախանշել են մեր առաջնորդները»,- ասել է Լավրովը։

Նախարարների հանդիպման սկզբում Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Երեւանը հավատարիմ է եղել եւ մնում է երեք երկրների ղեկավարների միջեւ բոլոր պայմանավորվածությունների եւ հայտարարությունների կատարմանը։ «Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները գոյություն ունեցող ձեւաչափերով՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման, խաղաղության պայմանագրի, կամ, ինչպես երեւի ավելի ճիշտ է անվանել, հարաբերությունների կարգավորման, հարաբերությունների հաստատման եւ մնացած բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման եւ չլուծված մնացած այլ խնդիրների լուծման պայմանագրի շուրջ»,- ասել է նա։

Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն իր բացման խոսքում ընդգծել է, որ այս հանդիպումը «լավ հնարավորություն է՝ քննարկելու այն առաջընթացը, որին կարելի է հասնել»։ «Գիտեմ, որ գործընկերների միջեւ շփումները շարունակվում են։ Եվ կարծում ենք, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն՝ արդյունքի հասնելու եւ եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացմանը հասնելու համար,- ասել է նա,- Վերջին շրջանում բավականին ինտենսիվ շփումներ ենք ունեցել պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առումով։ Կարծում եմ, որ լավ զարգացումներ կան, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի եւ ներկայացուցչականության առումով, եւ կարծում եմ նաեւ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի, համենայն դեպս, մեկնարկել այս գործընթացը»։ Բայրամովը նշել է, որ Բաքուն, իր հերթին, «պատրաստ է սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ», Ընդ որում՝ նախարարների հանդիպումը, կողմերի միջեւ շփումների պահպանումը «դրական ազդեցություն կունենան այս թեմայի շուրջ քննարկումների շարունակման վրա»։

Մինչ այս Լավրովը առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ