News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ բողոք է ներկայացրել իրեն հունիսի 23-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է հունիսի 16-ին, ինչից հետո ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և այդ հանգամանքները կարող էին ազդել որոշման վրա:

«Ըստ էության՝ բողոքի հիմքում դրել ենք երկու գաղափար, մեկը այն է, որ Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանը ենթակա են բացարկման և իրավունք չունեն մասնակցելու գործընթացին, մյուս խնդիրը, որ բարձրաձայնվել է, այն է, որ Ռուբեն Վարդազարյանի՝ այդ օրվա նիստին բացակայությունը, հարգելի պետք է համարվեր, որովհետեւ ինքն ունեցել է առողջական խնդիր և ներկայացրել է բժշկական տեղեկանք, իսկ ես ավելի վաղ նշանակված այլ դատական նիստին ներկա գտնվելու հիմքով բացակայել եմ»,-ասաց Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ ինքը խնդրել է ԲԴԽ-ին որոշում ընդունել մինչև հուլիսի 27-ը, քանի որ, ըստ ԲԴԽ-ի հայտարարության՝ հուլիսի 27-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է, իսկ դա պայմանավորված է բացառապես Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարմամբ, որովհետև դատավոր անդամներից Սերգեյ Չիչոյանի՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրվելը չի նշանակում, որ նա դադարեցնում է իր անդամությունը ԲԴԽ-ին:

«Այս պարագայում ԲԴԽ-ն կարող է արագ որոշում կայացնել, և դատավորների ընդհանուր ժողովն իմանա՝ ընտրե՞լ, թե՝ ոչ, ԲԴԽ անդամ: Ի՞նչ է լինելու, եթե Ժողովն ընտրի ԲԴԽ անդամ, հետո պարզվի, որ սխալ էր Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը»,- նկատեց Արամ Օրբելյանը:

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչի խոսքով՝ որոշումը ստանալուց հետո կքննարկեն նաև դրա հիմքում դրված օրենքների սահմանադրականության և միջազգային ատյաններում բողոքարկելու հարցը, եթե նման անհրաժեշտություն առաջանա:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 16-ին կայացրած և հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ բավարարել է հանձնախմբի միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն որոշել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ