
Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին խորհրդական Անատոլի Չուբայսը դուրս է գրվել Սարդինիա կղզու «Մաստեր Օլբիա» հիվանդանոցից, հայտնում է իտալական La Repubblica թերթը։
«Անատոլի Չուբայսն իրեն ավելի լավ է զգում: Նա դուրս է գրվել օգոստոսի 6-ի առավոտյան»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ թունաբանական հետազոտությունների արդյունքները դեռեւս պարզ չեն, սակայն բժիշկները գրեթե համոզված են Գիլեն-Բարեի համախտանիշի առկայության հարցում։
Թերթի տվյալներով՝ Չուբայսը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ կլինիկաներից մեկում վերականգնողական կուրս կանցնի։
Գիլեն-Բարեի համախտանիշը իմունային համակարգի խանգարում է, որը հանգեցնում է մկանների թուլության, ցավի կամ թմրածության, իսկ ավելի ծանր դեպքերում՝ կաթվածի։ Հիվանդությունն առաջանում է տարբեր պատճառներով, այդ թվում՝ բակտերիալ կամ վիրուսային վարակների հետեւանքով, եւ ավելի հաճախ հանդիպում է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Համախտանիշի զարգացման խթան կարող է լինել նաեւ պատվաստումը կամ վիրահատությունը։ Գիլեն-Բարեի համախտանիշի մի քանի դեպքեր են գրանցվել կորոնավիրուսի դեմ Janssen եւ AstraZeneca պատվաստանյութերի ներարկումից հետո, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկ տարի առաջ ասել էր, որ կհետաքննի այս միջադեպերը: