Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, թե ԿԳՆ-ն խախտում է մարդու իրավունքները:
«Հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունը, ցավով արձանագրելով իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ եւ ոչ պրոֆեսիոնալ որակումներ: Կրկին տեղեկացնում ենք` «Մաթեմատիկա» առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել: Գուցե, ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի եւ բովանդակության մեջ, նկատի է ունեցել «Հանրահաշիվ 7-9 դասարանների համար» դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Просвещение» հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ ԿԳՆ-ի` դասագրքի հեղինակը` ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ս. Մ. Նիկոլսկին, բնականաբար չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ:
«Որպես ՀՀ քաղաքացիներ, անհանգստություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների, հապճեպության եւ պակաս արհեստավարժության կապակցությամբ: Կարծում ենք, նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը եւ զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք, պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:
Պատրաստ ենք աջակցել մեր գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի եւ մակարդակի բարձրացնելու հարցում»,- ասված է ԿԳՆ հայտարարության մեջ:




























