Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը, ով օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչեւ ինքը իր բուրդը կչփխի ու կգա ծնունդն ընդունելու, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Եթե կիրակի օր է, իմ ազատ օրը, ես իրավունք չունե՞մ իմ տան աշխատանքը կատարելու»։
Դիտարկմանը, որ ինքը Հիպոկրատի երդում է տվել՝ ցանկացած պարագայում օգնել հիվանդին՝ անկախ ժամի եւ տեղի պատեհությունից, բժիշկն ասաց. «Այդ օրը տնային հերթապահ եմ եղել, ինչը նշանակում է, որ եթե ես մնում եմ իմ տանը, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ ճաշ եփի կամ մի եփի, բուրդը գցիր արեւին կամ` մի գցիր»,- նկատեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է արտասովոր մի դեպքի, երբ ըստ ծննդկանի հարազատների, երեխայի ծնվելուց հետո բժշկուհին հայտարարել է, թե «Ես գնում եմ, երբ երեխան մահանա, կզանգեք, գամ տեսնեմ, թե ինչու թոք չունի»:
Բժշկի խոսքով, տվյալ ծննդկանը ծննդաբերությունից 3-4 օր առաջ գտնվել է իր վերահսկողության տակ։ «Նրա հարազատների ներկայությամբ Երեւանից ժամանած բժշկին հայտնել եմ, որ կնոջ հետ կապված անհանգստություններ ունեմ, սակայն երեւանցի մասնագետը նշել է, որ անհանգստանալու կարիք չկա, որ ամեն բան նորմալ է եւ երեք օրվա ընթացքում նա կծննդաբերի։ Իմ հսկողությամբ կնոջը պառկեցրել են հիվանդանոց։ Դա ուրբաթ օր էր։ Կիրակի օրը տանն եմ եղել, բուրդը արեւի եմ տվել։ Այդ օրը եկել են իմ հետեւից, ասել են, որ կինը ցավեր ունի, եկել, նայել եմ, ասել եմ դեռ 2 ժամ ժամանակ ունի մինչեւ ծննդաբերությունն սկսվելը։ Ասել եմ գնամ, գործս վերջացնեմ, 2 ժամից կգամ։ Դրանից հետո կրկին եկել են իմ հետեւից եւ ծննդաբերությունը սկսվել է։ Ընթացքը խթանելու համար համապատասխան բժշկական միջամտություն է ցուցաբերվել»,- պատմեց բժշկուհին։
Դիտարկմանը, թե հղիի հարազատները զարմացել են, երբ տեղեկացել են, որ ցավազրկելու համար վերջինիս անալգին-դիմեդրոլ է ներարկվել, Մետաքսյա Հովհաննիսանն ասաց. «Յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ, եթե պետք են ցավազրկող նյութեր, նման դեղամիջոցներ են կիրառվում։ Երբ ես ինքս Երեւանում չորրորդ երեխայիս էի ունենում, ինձ նույնիսկ նարկոտիկ միջոցներ էին ներարկում, ոչ թե անալգին-դիմեդրոլ։ Մենք անզգայացում չենք անում, նարկոտիկ նյութեր չենք ներարկում, փոխարենը ցավազրկումը կատարում ենք անալգին-դիմեդրոլով»,- նկատեց բժշկուհին՝ հերքելով նաեւ հղիի հարազատների այն փաստարկները, որ ծննդաբերության ժամանակ հիվանդանոցում թթվածնի բալոններ չեն եղել։
Հարցին, թե սպառնացե՞լ է «ԿԳԲ-ում աշխատող իր եղբորով» հիվանդի հարազատներին, ինչպես հայտարարում է ծնդդկանի հարազատներից մեկը, բժշկուհին, ըստ էության, չհերքեց դա. «Իրենք՝ 3-4 երիտասարդ, բոյով-բուսաթով տղաներ, հարբած վիճակում հարձակվել են իմ մանկաբարձուհու եւ սանիտաուհու վրա, խփել են, հրել են, հայհոյել են մեզ։ Բժշկական անձնակազմն այդքանից հետո ասում էր ինձ՝ զանգիր ոստիկանություն, գան այդ մարդկանց այդտեղից տանեն, բայց ես նման բան չարեցի։ Պարզապս որպեսզի այդ երիտասարդները չշարունակեին իրենց հայհոյանքները, ես ասացի, որ անտեր չեմ եւ Երեւանում օրգանում աշխատող եղբայր ունեմ։ Էդ եմ ասել, այն էլ ստիպված, որ նրանք չշարունակեն հայհոյել։ Նույնիսկ ամուսնուս՝ մեր հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչին չեմ կանչել»,- ամփոփեց Մետաքսյա Հովհաննիսյանը։
Վերջում Մետաքսյա Հովհաննիսյանը ընդգծեց, որ ինքը 30 տարվա փորձ ունեցող բժշկուհի է, ով աշխատանքային երկար տարիների ընթացքում ավելի քան 6 հազար ծնունդ է ընդունել՝ ընդամենը 10 մեռելածնության դեպքով։ Այս ցուցանիշները, նրա խոսքով, մշտապես հաճելիորեն զարմացրել են Առողջապահության նախարարությանը։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մասին տեղեկանալուց հետո օպերատիվ կարգով հատուկ մասնագետներից կազմված հանձնաժողով է ստեղծվել, որը ներկայումս «Մուրացան» բժշկական կենտրոնում է եւ գնահատում է երեխայի վիճակը։ Մասնագետներից կազմված հանձնաժողով կազմվել եւ ուղարկվել է նաեւ Վայքի քաղաքային հիվանդանոց։ Հանձնաժողովը դեռեւս ճանապարհին է եւ նրա եզրակացությունը պատրաստ կլինի ավելի ուշ։
Նշենք, որ Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օրեր առաջ սարսափելի ու արտասովոր դեպք է տեղի ունեցել: Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից:
Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարում է, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ:
Երեխայի հարազատների փոխանցմամբ, երեխայի գլուխն արդեն երեացել է, իսկ բժշկուհին հեռախոսով ասում է մի քիչ էլ դիմացեք. Նա ցուցում է տվել անալգին դեմիդրոլ սրսկել:
«Հիվանդանոցում մեզանից են ուզում ձեթ, թել, խողովակ եւ այլ անհրաժեշտ պարագաները: Ինչո՞ւ պատրաստ չէին, ինչու անգամ թթվածին չունեին: Բժշկուհին երեխային թողել է սեղանին եւ ասել, թող մահանա: Նա ասել է. «Ես գնում եմ, երբ երեխան մահանա, կզանգեք, գամ տեսնեմ, թե ինչու թոք չունի: Դա բժի՞շկ է»,- վրդովված պատմել են հարազատներն ու հավելել. «Ծննդաբերությունից 1 ժամ անց, նոր թթվածին են հասցրել, երեխան սկսել է շնչել, տեղափոխել ենք Երեւան: Այստեղ բժիշկներն ասել են, որ սա դժվար ծնունդի արդյունք է: Նկարել են երեխային եւ ուղարկել Անգլիա, որտեղից պատասխան է եկել, որ ուղեղի հարվածից արյան զեղում է տեղի ունեցել եւ հնարավոր չի արդյունք ստանալ»:
Բժշկուհին ինձ ահ է տալիս, որ եղբայրս ԿԳԲ-ում է աշխատում, նրան կասեմ` տանդ զենք կգցեն քեզ կբռնեն, եթե բողոքես: Թող անեն. 6 տարի թուրքի դեմ եմ կռվել, 6 տարի էլ սրանց դեմ կկռվեմ»,- նշել է երեխայի հարազատներից Ավետիք Իխպիարյանը:
Պատրաստեց Անի Ղազարյանը




























