Թուրքիան պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան` Իսրայելի կողմից Գազայի շրջափակումն անօրինական ճանչելու հայցով: Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն է արել Լեհաստանում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Սա վկայում է երկու երկրների հարաբերություններում լարվածության նոր շրջափուլի մասին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ Անկարան հրաժարվում է ընդունել «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի հետաքննության արդյունքներով ՄԱԿ-ի հաշվետվության եզրահանգումները, ըստ որոնց Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումն օրինական միջոցառում է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Թուրքիան իր դեսպանին հետ է կանչում Իսրայելից, քանի որ վերջինս հրաժարվում է ներողություն խնդրել «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի համար:
Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցը համարել էր ավելի շատ քաղաքական, քան իրավական, եւ նշել էր, որ այն անընդունելի է Թուրքիայի համար:
Նույն օրը անունը բացահայտել չցանակացող իսրայելցի դիվանագետը «Ֆրանսպրեսին» հայտնել էր, որ Իսրայելը ցավում է մարդկային զոհերի համար, սակայն Անկարայից ներողություն չի պատրաստվում խնդրել եւ Թուրքիային կոչ է անում պահպանել միջազգային ծովային նորմերը:




























