News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի բուհերում ակադեմիական խորհուրդներ ստեղծելու նախաձեռնությունը լրացնում է ՀՀ Գիտությունների ակադեմիայի կողմից առաջարկված Հայաստանում գիտության բարեփոխումների ծրագիրը, որը ներկայացվել է կառավարությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը, որն այս գաղափարը հնչեցրել է օրերս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների եւ ակադեմիական ԳՀԻ-ների տնօրենների հանդիպման ժամանակ։

Մեկնաբանելով իր առաջարկը որպես չորրորդ, այլընտրանքային տարբերակ՝ Արթուր Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միտքն այն մասին, որ բուհերի գիտական կառավարումն ակադեմիան իր վրա վերցնի, ծնվել է գիտակրթական ոլորտի մի շարք առաջատար մասնագետների հետ քննարկումների ընթացքում՝ այդ թվում, արտերկրից եւ ոչ միայն հայկական սփյուռքի մասնագետների ներգրավմամբ, այլ նաև՝ այլազգի։

Նա հիշեցրեց, որ Եվրամիության 2020 թվականի «Հատուկ օժանդակություն Հայաստանին. «Նշաձողի բարձրացում. Գիտության նոր առաքելությունը Հայաստանի զարգացման մեջ» զեկույցը Հայաստանի համար երեք հնարավոր սցենար է առաջարկում։

  1. Ստեղծված իրավիճակի պահպանում այս պահին, և ապա դանդաղ էվոլյուցիա մինչև ինքնաբերաբար ստեղծվեն գիտակրթական խոշոր միավորումներ։
  2. Ակադեմիայի եւ այլ գիտահետազոտական ինստիտուտների ինտեգրում բուհերի կազմում:
  3. Համալսարանների հետազոտական պոտենցիալի ամրապնդում եւ ակադեմիական ու այլ գիտահետազոտական ինստիտուտների վերակազմավորում մի քանի խոշոր հետազոտական կենտրոնների՝ ֆրանսիական CNRS-ի կամ գերմանական Մաքս Պլանկի ինստիտուտի օրինակով:

Ակադեմիայի առաջարկած ծրագիրը համահունչ է երրորդ սցենարին, իսկ Արթուր Իշխանյանի հնչեցրած նախաձեռնությունը, նրա խոսքով, չորրորդ՝ այլընտրանքային ճանապարհն է, որը կոչված է լրացնել Ակադեմիայի ծրագիրը՝ Հայաստանի առջեւ ներկայում ծառացած մարտահրավերներին լիարժեք դիմակայելու համար։

«Առաջարկությունը հիմնված է այն պարզ դիտարկման վրա, որ մեր գիտական համակարգը նկատելիորեն ավլի կայացած է, միջազգային վարկանիշնային ցանկերում շատ ավելի բարձր դիրքեր է զբաղեցնում, քան մեր բարձրագույն կրթության համակարգը: Եվ այս նախաձեռնության էությունը բարձրագույն կրթության համակարգի էական բարեփոխումն ու բարելավումն է Ակադեմիայի ղեկավարությամբ»,- ասաց նա։

Գիտնականը պարզաբանեց, որ առաջարկվում է բուհերում ստեղծել հոգաբարձուների ակադեմիական խորհուրդներ, որոնցում կընդգրկվեն Ակադեմիայի եւ երկրի այլ առաջատար գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խորհրդի գործառույթները կներառեն ոչ թե գործառնական, այլ զուտ գիտական, հետազոտական եւ կրթական բաղադրիչներ. այն կվերահսկի գիտական եւ կրթական ծրագրերի մշակումը։

Արթուր Իշխանյանը հավելեց, որ նախագիծը համակողմանիորեն մշակվել է եւ բաղկացած է մի շարք կետերից. օրինակ՝ առաջարկվում է գիտակակրթական հաստատություններին սեփականության իրավունքով ամրագրել իրենց շարժական եւ անշարժ գույքը, ինչպես նաեւ հողատարածքը՝ առանց օտարման իրավունքի։

Ակադեմիկոս քարտուղարը հույս հայտնեց, որ առաջարկը կլսվի։ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի հրամանագրով այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տեղեկատվություն է հավաքում եւ վերլուծում է գիտության եւ բարձրագույն կրթության ոլորտում տիրող իրավիճակը։ Եվ ես հուսով եմ, որ կընդգրկվեմ այդ խմբում՝ որպես գաղափարի հեղինակ, որպեսզի կարողանամ այն մանրամասն ներկայացնել։ Եվ նաեւ հնարավորություն կլինի այս տարբերակը, բոլորի հետ մեկտեղ, լայն քննարկման դնել ինչպես գիտական եւ բուհական համայնքներում, այնպես էլ ողջ հայ հասարակության մեջ։ Քանի որ նման արմատական փոփոխությունները կարող են հաջողության հասնել միայն ընդհանուր հասարակական կոնսենսուսի դեպքում»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում, ինչպես եւ նշվում է ԵՄ զեկույցում, այլ սոցիալ- քաղաքական իրավիճակում գտնվող որեւէ երկրի սխեմայի մեխանիկական պատճենումն անընդունելի է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ