News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ մինչեւ լույս բողոքի ցույց էր ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ, ներկա պահին հանգիստ է։ Մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է։

Հատուկջոկատայինները նախկինի պես կանգնած են շենքի մուտքի մոտ։ Տեղում երեք ավտոբուս կա։ Ոստիկանությունը Ռուսթավելու պողոտայում է։ Ամբողջ տարածքում ընթանում են մաքրման աշխատանքներ, տեղեկացրել է IPN.ge-ն։

Չորեքշաբթի Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվեց ցուցարարների հերթական ցրմամբ, կիրառվեցին արցունքաբեր գաղ, հատուկ տեխնիկա եւ ծխագլանիկներ։

Չնայած ցուցարարներին ցրել էին երեքշաբթի, էլ ավելի մեծ թվով մարդիկ նորից են հավաքվել, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որը նախօրեին հաստատվել էր առաջին ընթերցմամբ։

Հավաքվածների մեջ էին Կանանց երթի մասնակիցները, որոնց երթը սկսվել էր Առաջին հանրապետության հրապարակից։ Առանձին շարքով եկել են նաեւ ուսանողները՝ «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով։ Այստեղ էին հավաքվել նաեւ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցներն ու սովորական քաղաքացիներ, որոնց կարծիքով՝ օրենքի ընդունումը Վրաստանը կտանի բռնաճնշումների ռուսական ուղիով, տեղեկացրել է «Новости Грузия»-ն։

Մի քանի ժամ բազմահազարանոց հանրահավաքը հանգիստ էր։ Իրավիճակը սրընթաց լարվեց կեսգիշերից մեկ ժամ առաջ. ցուցարարների մի մասը սկսեց շրջապատել խորհրդարանի շենքը։ Առանձին խմբեր սկսեցին կոտրել ապակիները եւ ճոճել պարիսպը։

Այնուհետեւ իրադարձությունները սկսեցին զարգանալ երեքշաբթի օրվա սցենարով։ Հատուկջոկատայինները ջրցաններով իջան խորհրդարանի շենքի երկայնքով, միաժամանակ Ռուսթավելու պողոտայով եկան Ազատության հրապարակից։

Ցույցի մասնակիցների մի մասը կեսգիշերից հետո վերադարձավ Ռուսթավելու պողոտա եւ փորձեց ինչ-որ պատնեշներ ստեղծել ձեռքի տակ եղած միջոցներով։

Քաշվեթի տաճարը Ռուսթավելու պողոտայում նորից իր պատերի ներսում թաքցրեց տուժածներին. սա ամենամոտ տեղն է, որտեղ կարելի է թաքնվել ցույցը ցրելու ժամանակ։ Գազը, ինչպես եւ նախօրեին, հատուկջոկատայինները կիրառեցին նաեւ եկեղեցու բակում, այստեղ էլ կալանավորվեցին մի քանի մարդիկ։

Վրացական Առաջին ալիքի տվյալներով՝ իրավապահները կալանավորել են 66 մարդու՝ Վրաստանի Վարչական օրենսգրքի 166 եւ 173 հոդվածներին համապատասխան, մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով։

Վրաստանի ՆԳՆ-ում նշել են, որ երեկվա հանրահավաքի ժամանակ տուժել է ներքին գործերի նախարարության մոտ տասը աշխատակից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ