Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն։ Տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին կոմիտեից, չնշելով, սակայն, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են քննչական գործողություններ իրականացվում։

«Այլ մանրամասներ այս պահին դեռ չենք կարող հայտնել, առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնենք»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

NEWS.am-ի տեղեկություններով խուզարկությունն իրականացվում է կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների հետ կապված նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հակակոռուպցիոն կոմիտեից չհաստատեցին տեղեկությունը՝ Երեւանի փոխքաղաքապետը, Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը, եւ Առողջապահության նախարարության թոքաբանության եւ տուբերկուլյոզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանը բերման են ենթարկվե՞լ, թե՞ ոչ։

Հավելենք՝ Գեւորգ Սիմոնյանը 2019-2020թթ. եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը:

2020թ. դեկտեմբերից 2022թ. փետրվարը  զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2022թ. փետրվարի 8-ից զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։