News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` նշելով, որ այժմ նրանց դիմումն ատոմակայանի տնօրենի մոտ է: Նրա խոսքով, դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասաց Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին, բայց առայժմ կոնկրետ չի կարող ասել, թե ով եւ երբ որոշում կկայացնի:

Լուսինե Հարությունյանը նշեց, որ  դիմում ներկայացրած աշխատակիցները այժմ աշխատում են. նույնիսկ նրանք, ովքեր դիմում են գրել, հերթափոխի մեջ են, ատոմակայանում աշխատանքները խաթարված չեն:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են  ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Ատոմակայանը սեպտեմբերից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տեւի 46 օր: Ըստ լուրերի` դիմում գրած  աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ  գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ