News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմության առաջին կին դատախազի՝ Աննա Վարդապետյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում 50-ից ավելի դատախազներ են հեռացել համակարգից: Պաշտոնաթող դատախազներից ոմանք սկսել են զբաղվել փաստաբանական գործունեությամբ, որոշներն էլ նախընտրել են ծառայել ՀՀ քննչական կոմիտեում և այլ իրավապահ մարմիններում:

Վաչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը, որը նախքան Ազգային ժողովի իշխանական պատգամավորների կողմից  դատախազ ընտրվելը, երբևէ չէր աշխատել դատախազությունում, աշխատանքից ազատել է հիմնականում  դատախազության համակարգի հնաբնակներին՝  փորձառություն և քիչ թե շատ հեղինակություն ունեցող դատախազների: NEWS.am-ն ուսումնասիրելով գլխավոր դատախազի հրամանները, պարզել է, որ միայն 2022-ին՝  պաշտոնը ստանձնելու տարում, Վարդապետյանն աշխատանքից ազատել է 15 դատախազների, այդ թվում՝ գլխավոր դատախազի 2 տեղակալների, զինվորական դատախազի 2 տեղակալների, մարզային 4 դատախազների, ինչպես նաև 3 վարչության պետերի:

Պաշտոնավարման երկրորդ տարում` 2023-ին դատախազության համակարգից հեռացել է 35 դատախազ, որոնց մեծ մասը (14 դատախազ) մարզերի դատախազներ և Երևանի վարչական շրջանների  դատախազներ (7 դատախազ): 2023թ. դատախազության համակարգից անսպասելի հեռացան նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնի երկու դատախազները՝ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը և Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Պետրոս Պետրոսյանը: Աղմկահարույց պաշտոնանկություններից մեկ տարի անց երկու դատախազները տեղափոխվեցին իրենց երբեմնի գործընկերոջ՝ նախկին դատախազ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույց՝ Քննչական կոմիտե:

Մասնավորապես Քյարամյանի հրամանով՝  Գևորգ Բաղդասարյանը նախ նշանակվեց ՔԿ նախագահի խորհրդական, ապա Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ: Իսկ Պետրոս Պետրոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: 2023թ. ոչ պակաս անսպասելի էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությունը:

Քոչարյանը, որը նախկինում զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը և 2019-ին աշխատանքից ազատվել էր քաղաքական հայտարարություն անելու համար, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում աշխատեց ընդամենը մեկ տարի: Իսկ 2024թ. երկու ամսում համակարգից հեռացել է արդեն 5 դատախազ: Ուսումնասիրելով դատախազների՝ պաշտոններից ազատաման հիմքերը, պարզ դարձավ, որ նրանց մեծ մասն աշխատանքից ազատվել է անձնական դիմումի համաձայն: Միայն մեկ դատախազ է պաշտոնից ազատվել որակավորման հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով:

Մինչդեռ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է  դատախազին պաշտոնից ազատելու ավելի քան մեկ տասնյակ հիմքեր, այդ թվում՝ դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը, հաստիքի կրճատումը և այլն: Համակարգից նման մասշտաբի կադրային արտահոսքը ոմանք պայմանավորում են  գլխավոր դատախազի՝ համակարգը նախկին կադրերից «մաքրելու» քաղաքականությամբ, սակայն դատախազության մեր աղբյուրների պնդմամբ՝ համակարգից փորձառու կադրերի հեռանալու հիմնական պատճառը եղել է Աննա Վարդապետյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունը:

Համակարգից որակյալ կադրերի նման արտահոսքը, բնականաբար չէր կարող անհետևանք մնալ: Դատախազների լիազորությունների կասեցումը, շատ դեպքերում պատճառ է դարձել գործող դատախազների աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացմանը, իսկ նոր նշանակված դատախազների համար նախկինների հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի վերանայումը լրացուցիչ պատասխանատվության բեռ ու գլխացավանք է առաջացրել:

Նշենք, որ դեռևս փետրվարի 15-ին  NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել դատախազների՝ պաշտոնից ազատման հիմքերի վերաբերյալ: Հետաքրքրվել էինք նաև, թե վերջին մեկուկես տարում քանի՞ դատախազ է ընդգրկվել դատախազների ռեզերվում: Դատախազությունից, սակայն հրաժարվել էին կոնկրետ վիճակագրություն տրամադրել՝ ուղղորդելով  պաշտոնական կայքի «Գլխավոր դատախազի հրամաններ» բաժին, իսկ դատախազների ռեզերվի հետ կապված հարցը, ընդհանրապես շրջանցել էին:

Դատախազության պատասխանից ենթադրվում է, որ այս կառույցում կադրային քաղաքականության հետ կապված ընդհանրապես վիճակագրություն չի վարվում, կամ էլ այս կառույցում չեն ուզում հիշել «նախկիններին»: Իսկ ինչ վերաբերվում է տեղեկատվության տրամադրման նման մոտեցմանը, ապա, մեղմ ասած, ողջամիտ չէ հղում կատարել կայքի մի բաժնի, որտեղ առկա են գլխավոր դատախազի ավելի քան 300 հրամաններ, որոնք ուսումնասիրելու, և օբյեկտիվ տեղեկատվությունը մշակելու համար լրագրողից լրացուցիչ ջանքեր և ժամանակ է անհրաժեշտ: Առհասարակ,  նման մոտեցումը չի նպաստում լրագրող-դատախազություն թիրախային աշխատանքի արդյունավետությանը, ընդհակառակը, խաթարում է տվյալ կառույցի նկատմամբ լրագրողի վստահությունը, որը վաստակելու խնդիր՝ վարչապետի նախկին օգնականը, կարծես թե չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ