Նախորդ տարի Հարավաֆրիկյան հանրապետությունում գտնվոծ դեղին ադամանդը վաճառքի կհանվի Sothebys-ի աճուրդում, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` Ժնեւում: Այս մասին տեղեկացնում է աճուրդային տան պաշտոնական կայքը, հաղորդում է Lenta.ru-ն:

Տանձի ձեւ ունեցող, 110,03 կարատանոց ադամանդի գնահատման արժեքը կազմում է 11-15 մլն դոլար: Ինչպես գրում է Agence France-Presse-ը, թանկարժեք քարը համարվում է ամենախոշորը գտնված դեղին ադամանդների մեջ:

Աճուրդի կազմակերպիչները ենթադրում են, որ աճուրդում ադամանդի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է լինելու: Եվրոպայում եւ Ասիայում Sothebys-ի ոսկերչական բաժնի ղեկավար Դեվիդ Բենեթի խոսքով, աճուրդի արդյունքը հաջող է լինելու: Նա սակայն չի նշել, թե մոտավորապես, ինչ արժեքով կվաճառվի ադամանդը:

Նա, ով կգնի դեղին ադամանդը, կդառնա նրա առաջին սեփականատերը: Բենեթի ներկայացմամբ, շատ գնորդների գրավում է հենց այն փաստը, որ դառնալու են մի քարի սեփականատեր, որը միլիոնավոր տարիներ գտնվել է գետնի տակ: