Լոռիի մարզի Գոգարան գյուղի տներից մեկում, նոյեմբերի 14-ին, հրդեհից այրված երկու մանկահասակ երեխաների ապրելու շանսերը նվազագույնն են: Նրանք գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես NEWS.am-ին հայտել են Ճառագայթաբանության եւ այրվածքների կենտրոնից, 4-ամյա Արման Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այրվել է նրա շնչափողը, մաշկի 50 տոկոսից ավելին: 4 տարեկան տղան 4-րդ աստիճանի այրվածքներ է ստացել: Բժշկի խոսքով, նրա ապրելու շանսերը նվազագույնն են:

Նույն հրդեհից այրվածքներ ստացած, 3-ամյա Գոռ Գասպարյանը գտնվում է «Սուրբ Տիրամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների խոսքով, նրա վիճակը եւս գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Երեխան ստացել է 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ, այրվել է մաշկի 62 տոկոսը եւ վերին շնչուղիների 20 տոկոսը»,-հայտնել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, հավելելով, որ դժվար է կանխատեսել արդյունքը:

Հիշեցնենք, որ երեկ հրդեհից այրված 4 երեխաներից մեկը` 3 տարեկան Արեն Գասպարյանը մահացել է: 4-րդ երեխան 1,5 տարեկան է եղել, ով թեթեւ այրվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է Գոգարանի գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին, Գոգարան գյուղում այրվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը:

Պարզվել է, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներմ, ովքեր 2 եղբայրների երեխաներ են:

Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է փայտը. նրանք տանը փայտ են վառել: