Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մերժել է Սիրիայի ներկայացրած` ճգանաժամի կարգավորման ծրագրի առաջարկները:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մասնավորպես ԱՊԼ ծրագրով նախատեսվում էր 500 արաբ դիտորդի տեղակայում Սիրիայի տարածքում` երկրում իրավիճակի վերահսկման նպատակով: Իր հայտարարության մեջ ԱՊԼ-ն նշել է, որ Դամասկոսի առաջարկությունները խախտում են ծրագրի էությունը, քանի որ փոփոխություն են մտցնում դիտորդների կարգավիճակում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ԱՊԼ-ն կասեցրել էր Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը` այդ երկրում չդադարող բռնությունների պատճառով:
Նոյեմբերի 13-ին Սիրիայում նախագահ Բաշար Ասադի համակիրների զանգվածային ցույցեր էին տեղի ունեցել` ի նշան ԱՊԼ որոշման դեմ բողոքի: Դամասկոսը պահանջել էր «շուտափույթ կերպով ԱՊԼ արտակարգ գագաթնաժողով հրավիրել` երկրում ճգնաժամի կարգավորման ուղիների քննարկման նպատակով»:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվում են 2011 թ. մարտից:




























