Տաջիկստանի դատախազությունը դիմել է դատարան` միջնորդելով կրճատել Rolkan ավիաընկերության օդաչուների նկատմամբ կիրառված պատժաչափը եւ համաներմամբ ազատ արձակել նրանց:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայություն, Տաջիկստանում 8,5 տարվա ազատազրկման դատապարտված օդաչուների համար առաջարկվում է պատժաչափը կրճատել մինչեւ 2,5 տարի եւ համաներմամբ ազատ արձակել հենց դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, Տաջիկստանի դատարանը Վլադիմիր Սադովնիչեւին (Ռուսաստանի քաղաքացի) եւ Ալեքսեյ Ռուդենկոյին (Էստոնիայի քաղաքացի) դատապարտել էր 8,5 տարվա ազատազրկման` սահմանն անօրինական հատելու համար: Ռուսաստանում այդ դատավճիռը չափազանց խիստ էին համարել: Սկսել էին երկրից վտարել տաջիկ եկվորներին, ընդ որում` նախագահը հայտարարել էր, որ դա օդաչուների գործի հետ կապ չունի: Տաջիկստանի դեսպանը նոյեմբերի 14-ին հրավիրվել էր Ռուսաստանի ԱԳ նախարարություն:
Ավելի ուշ տեղեկատվություն էր տարածվել, որ Ռուսաստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հարցը լուծել «ռազմավարական գործընկերության ոգով»:



























