Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մոտ օրերս բանտից կուղարկվի Կիեւի հիվանդանոցներից մեկում հետազոտություն անցնելու: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առողջապահության նախարարի եւ գլխավոր դատախազի հետ հանդիպումներ է ունեցել եւ կարգադրել «այդ հարցին այնքան ուշադրություն հատկացնել, որքան կպահանջվի եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել», հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Նա նշել է, որ Ուկրաինայում գործող համակարգը չի հասել այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են, այդ պատճառով բուժօգնությունը պետք է ցուցաբերվի Կիեւի հիվանդանոցներում:
Հիշեցնենք, որ երեկ Տիմոշենկոյի ծանր վիճակի մասին հայտարարել էր Ուկրաինայի օմբուդսմեն Նինա Կարպաչեւան, իսկ ավելի վաղ «Բատկիվշչինա» կուսակցությունը Կարմիր խաչի կոմիտեին եւ այլ կազմակերպություններին նամակներ էր ուղարկել` խնդրելով միջամտել իրավիճակին:




























