Պետերբուրգում սպանվել է գործարար Դավիթ Տերտերյանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, նրա վրա կրակել են Պետերբուրգի Վիբորգսկի շրջանում:
Սպանության պահն արձանագրել են դիտարկման տեսախցիկները: Հաղորդվում է, որ ըստ տեսաձայնագրության` գործարարի վրա երկու հոգի է հարձակվել: Նրանք իրենց զոհին սպասել են նրա տան մոտ, եւ երբ Տերտերյանի ավտոմեքենան արգելակել է դարպասների մոտ, չարագործները երեք անգամ կրակել են վարորդի դռան ուղղությամբ, իսկ երբ մեքենան տեղից պոկվել է` հնչել է չորրորդ կրակոցը: Չորս գնդակից երկուսը դիպել են գործարարին, ստացած վնասվածքներից նա մահացել է:
Լրատվամիջոցների տվյալներով` Դավիթ Տերտերյանը ռեստորաններ եւ կահույքի արտադրություն ուներ: Նա նաեւ հայտնի է եղել քրեական շրջանակներում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», Տերտերյանը «Սեվզապմեբելի» ղեկավարներից մեկն էր:



























