News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը պահանջում է ազատազրկման դատապարտել Թուրքիայից բռնաճնշումների հետևանքով Հայաստան փախած և դատարանի վճռով արդարացված հալեպցի երկու փախստականներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով փախստականների վերաբերյալ վարչական գործերը, քրեական վարույթի և դատավարական նյութերը:

Ըստ քրեական վարույթի նյութերի՝ Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված 25-ամյա Մուստաֆա Իբրահիմի Հաջ Իբրահիմի և 30-ամյա Մուհամեդ Յուսեֆ Մուհամեդ Մուհսենի Կասսասը 2022 թվականի սեպտեմբերի 30-ի առավոտյան, անցնելով Արաքս գետը ապօրինի հատել են թուրք-հայկական պետական սահմանը և մտել Արմավիրի մարզի Բագարան գյուղ: Երկու այլազգիներին գյուղի կենտրոնում նկատել է Բագարան վարչական տարածքի ղեկավարը, նրանց հրավիրել գյուղապետարան: Սիրիայի քաղաքացիները վարչական ղեկավարին հասկացրել են, որ Երևան են գնում: Այդ ընթացքում գործել է սահմանը հատելու ազդանշանային համակարգը, ներկայացել են ռուսական սահմանապահ զորքերի (ՌԴ ԱԴԾ) ներկայացուցիչները և ձերբակալել սահմանախախտներին: Այնուհետև Սիրիայի քաղաքացիները կալանավորվել են և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրանց մեղադրանք ներկայացվել: Կարճ  ժամանակ անց օտարերկրացիները դիմել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ իրենց փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու խնդրանքով, որը բավարարվել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին:

ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ հարցազրույցի ընթացքում, 25-ամյա Մուստաֆա Հաջի Իբրահիմին հայտնել է, որ ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղից պատերազմի հետևանքով տեղափոխվել է Թուրքիա և այնտեղ որպես խոհարար աշխատել: Մուստաֆան  պատմել է, որ Հալեպում ապրել է Բիստանբաշա տարածաշրջանում, որտեղ տեղակայված էին Սիրիայի հետախուզության ծառայությունները, ոստիկանության և կուսակցությունների նստավայրերը, այդ իսկ պատճառով 2012 թվականին ռմբակոծությունները նշված տարածքի վրա ավելի հաճախ էին լինում, քան այլ տարածքների վրա։ Մոտ յոթ ամիս դիմումատուն իր ընտանիքի հետ միասին, առանց կենսաապահովման անհրաժեշտ պայմանների, մնացել է շրջափակման մեջ, որից հետո նրանք տեղափոխվել են Մարիամի անունով գյուղ։ Հալեպում Մուստաֆայի ընտանիքը խանութ ուներ, որը ռմբակոծության հետևանքով քանդվել էր։ Նա հայտնել է, որ իր ընտանիքի անդամները՝ մայրը, քույրերն ու եղբայրները, 2015 թվականի սկզբին մեկնել են Թուրքիա, իսկ մի քանի ամիս անց նրանց են միացել նաև ինքն ու հայրը։

Պատմելով Թուրքիայում անցկացրած օրերի մասին, Մուստաֆան նշել է, որ Թուրքիայում վատ և խտրական են վերաբերվում սիրիացիներին։ Նա պատմել է, որ մեկ անգամ թուրքերը իրեն և իր եղբայրներին ծեծել են, ինչից հետո իրենք դիմել են ոստիկանություն, սակայն նրանց դիմումին ընթացք չի տրվել։

Ժամանակավոր կացության իրավունքի վկայականի համաձայն՝ դիմումատուն կարող էր գտնվել միայն Գազիանթեփում, իսկ այլ տարածք տեղափոխվելու համար պետք է թույլտվություն ստանար, բայց դա ոչ բոլոր սիրիացիներին էին տալիս, քանի որ «այդ թույլտվությունը հիմնականում կաշառքի դիմաց էր տրվում»։ Հալեպցի երիտասարդի խոսքով՝ իրեն հաջողվել է մի քանի անգամ անցնել Մուսին քաղաք, որտեղ իր ընկերը բիզնես ուներ, սակայն 2022 թվականին երկու անգամ բռնվել է, քանի որ թույլտվություն չի ունեցել։ Ոստիկանությունում զգուշացրել են, որ եթե մեկ անգամ էլ իրեն բռնեն, ապա կվերդարձնեն Սիրիա։

Այդ պատճառով էլ երիտասարդը որոշել է դուրս գալ երկրից: Նա ասել է, որ չի ցանկանում վերադառնալ Սիրիա, քանի որ այնտեղ պատերազմ է, իրենք ո՛չ տուն ունեն, ո՛չ աշխատանք: Բացի այդ, քանի որ նա չի ծառայել սիրիական բանակում, սիրիական անվտանգության ուժերը կբռնեն իրեն և կուղարկեն բանակ՝ առանց որևէ հստակ ժամկետի։ 

Հարցազրուցավարի այն հարցին, թե ինչու՞ է հենց այդ ժամանակ որոշել ապօրինի գալ Հայաստան, երիտասարդը  ասել է, որ չունի և բազմաթիվ փորձերից հետո չի կարողացել ստանալ անձնագիր, այդ իսկ պատճառով Կարս քաղաքից ապօրինի հատել է սահմանը։ 

«Ես ի սկզբանե ցանկանում էի գալ Հայաստան, դիմել ապաստանի համար ու իմ բիզնեսը հիմնել, իսկ ընտրել եմ Հայաստանը, քանի որ հայ ընկերներ ունեի ու շատ էի լսել Հայաստանի մասին,-նշել է հալեպցին:

Թուրքիայում իր և ընտանիքի նկատմամբ իրականացված բռնաճնշումների մասին է պատմել նաև Մուհամեդ Յուսեֆ Մուհամեդ Մուհսենի Կասսասին: Նա դատարանին է ներկայացրել Թուքիայի Հանրապետության Գազիանթեպի գլխավոր դատախազության 2022թ․ օգոստոսի 10-ին ներկայացված, ըստ էության, հաղորդումը, համաձայն որի՝ իր ռեստորանը մահակներով հարձակման է ենթարկվել, այդ հարձակումներն անընդհատ շարունակվել են, բռնություն է գործադրվել իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ, իրեն ծեծի են ենթարկել, միշտ գումար են պահանջել, վերջին անգամ, երբ իրեն սպառնացել են սպանել, որոշել է դիմել դատախազություն, ինչպես նաև Թուքիայի Հանրապետության առողջապահության նախարարության Գազիանթեպի առողջապահության մարզային վարչության բժշկի կողմից տրամադրված փաստաթուղթն՝ ըստ որի՝ Մուհամեդ Կասսասի մոտ հայտնաբերվել են լուրջ վնասվածնքեր՝ այդ թվում կոտրվածքներ:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալները պատմել են, որ Հայաստան գալու համար նախ Կարս են գնացել, մարդկանցից հետաքրքրվելով՝ պարզել են, որ սահմանն ավելի լավ է Իգդիր քաղաքով անցնեն, այդպես ավելի անվտանգ է, իրենք գնացել են Իգդիր, այնտեղ սրճարանի աշխատակցից իմացել են, որ գետի մյուս կողմում Հայաստանն է, գետի խորությունը և այլ հարցեր, հաջորդ օրն առավոտյան անցել են գետի մյուս ափը, որտեղ մոտ 150 մետր քայլելուց հետո հանդիպել են Բագարան գյուղի բնակիչներին, մի քանի անգամ ասել են, որ Երևան են ցանկանում գնալ, որից հետո եկել են ռուս սահմանապահները, իրենց հարցեր են տվել, թարգմանությունն իրականացրել են հեռախոսի միջոցով՝ զանգել են մի մարդու, ով թարգմանություն է արել: Նրանց ասել են, որ փախստականի կարգավիճակի համար են եկել:

Հայաստան գալիս մեկ արգելապատնեշ է եղել՝ փշալար, ինչը մի տեղից բացված է եղել, իրենք այդ մասով են մուտք գործել: 

Պաշտպանի հարցերին ի պատասխան՝ Մուհամեդ Կասսասը նշել է, որ Թուրքիայում իրենց վատ են վերաբերվել, որովհետև իրենք ամեն ինչով ավելի լավն էին, օրինակ՝ արտադրամասերից սկսել են թուրք կանանց աշխատանքից ազատել և նրանց փոխարեն սիրիացիերի ընդունել աշխատանքի: Ստամբուլից ավելի քան 20.000 սիրիացի հետ է վերադարձվել, իր խանութը կոտրել են, իրենից գումար են պահանջել և այլն:

Դատաքննության ընթացքում պաշտպանի միջնորդությամբ հարցաքննվել և փախստականների վերաբերյալ գործող միջազգային և ներպետական իրավակարգավորումներն է պարզաբանել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Սևակ Պետրոսյանը: Պաշտպանի հարցերին պատասխանելով՝ նա նշել է, որ երբ դիմում են ապաստան ստանալու հարցով, և այդ անձինք գալիս են ոչ թե իրենց ծագման կամ քաղաքացիության երկրից, այլ երրորդ երկրից, ապա վարույթի շրջանակներում պարտադիր պետք է քննարկել նաև վերջիններիս վերադարձի հարցն այդ երրորդ երկիր: Տվյալ դեպքում վարչական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Թուրքիան որպես երրորդ ապահով երկիր չի կարող համարվել, քանի որ «Փախստականների կարգավիճակի մասին» 1951թ. Ժնևյան կոնվենցիային վերապահումով է միացել, և մի շարք միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններ, տվել են այն եզրակացությունը, որ Թուրքիան Սիրիայի քաղաքացիների նկատմամբ իրականացնում է դաժան վերաբերմունք, շատ հաճախ նրանց հետ է վերադարձնում Սիրիա, այն շրջանները որտեղ Թուրքիան է վերահսկողություն իրականացնում և ստիպում, որ նրանք ռազմական գործողությունների մասնակցեն:

Այն հարցին, ինչու անդրադարձ չի արվել և Թուրքիան չի դիտարկվել որպես երրորդ ապահով երկիր, հայտնել է, որ կա չվերադարձելության սկզբունք, որի դեպքում պետք է վերլուծել, երբ անձին իր ծագման կամ քաղաքացիության երկիր ես վերադարձնում, այսինքն՝ անձը կարող է նաև այդ դեպքում փախստական ճանաչվել, սակայն իր ծագման կամ քաղաքացիության երկիր չվերադարձվել, եթե նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում: Թուրքիան տվյալ դեպքում չի կարող երրորդ ապահով երկիր դիտարկվել, այդ պատճառով անդրադարձ չի կատարվել:

Հանրային մեղադրողի հարցերին ի պատասխան էլ Սևակ Պետրոսյանը նշել է, որ հաստատ չեն կարող ասել, որ Սիրիա կվերադարձվեն, բայց Թուրքիան որպես երրորդ ապահով երկիր չի դիտարկվում: Վերլուծությունները ցույց են տալիս, որ շատ քաղաքացիներ վերադարձվում են, մյուսները խոշտանգվում են հենց Թուրքիայում: Նշել է, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը կաշկանդված է որևէ պաշտոնական հարցում, տեղեկություն ստանալու այդ անձի քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից: 

Մինդչեռ հաանրային մեղադրողը դատարանում դիրքորոշում է հայտնել, որ մեղադրյալներն իրենց ծագման երկրում (Սիրիայում) խուսափել են զինվորական ծառայությունից, ապօրինի են գտնվել Թուրքիայի Հանրապետությունում և այնտեղ ապօրինի վարքագիծ են դրսևորել, ինչին անդրադառնալով՝ Արմավիրի մարզի ընդահնուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանը փաստել է, որ օտարերկրյա պետության տարածքում կատարված արարքի համար քրեական պատասխանատվությունից խուսափելու ցանկությունը, ըստ էության, կարող է չհակադրվել մեղադրյալների՝ ապաստան հայցելու նպատակին (նշվածը որևէ կերպ չի ենթադրում ապաստանի հայցի պարտադիր բավարարում): Ավելին՝ Դատարանի գնահատմամբ, մեղադրյալներին՝ ապաստանի և փախստականի կարգավիճակի տրամադրումը կարող է չբացառել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետության տարածքում ենթադրաբար կատարած արարքների համար վերջիններիս հետագա քրեական պատասխանատվության հնարավորությունը:

Այսպիսով՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատարանը վճռել է ճանաչել և հռչակել Հայաստանում ապաստան ստացած Սիրիայի քաղաքացիների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և նրանց արդարացնել՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճռի հետ, սակայն  համաձայն չէ հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը

Վերջինս դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել դատավոր Մանասյանի կայացրած դատավճիռը և սիրիացի փախստականների նկատմամբ համապատասխանաբար պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով: Հիշյալ գործը ներկայումս քննվում է վերանքնիչ քրեական դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի վարույթում:  

Նշենք, որ եթե անձին արդեն տրվել է փախստականի կարգավիճակ և ապաստան, ապա պետությունն իրավունք չունի փախստականին որևէ կերպ վերադարձնել այն տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ։ Ապաստան հայցող անձը, մինչ իր մասին վերջնական որոշում կայացնելը, չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ