Կոսովոյի հյուսիսում նոյեմբերի 24-ի գիշերը վերսկսել են ՆԱՏՕ-ի զինված ուժերի եւ սերբերի բախումները: ՆԱՏՕ-ի զինծառայողները արցունքաբեր գազ են կիրառել տեղի մի խումբ սերբերի նկատմամբ, որոնք փորձել են խոչընդոտել ավելի վաղ իրենց կողմից տեղադրված արգելապատնեշները քանդելուն:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ սերբերը մի քանի անգամ փորձել են ներխուժել Սերբիայի եւ Կոսովոյի սահմանային Յարինյեի անցակետ:
Հիշեցնենք, այդ շրջանում լարվածությունը շարունակվում է ամռանից, երբ տեղի սերբերը փակել են սահմանային անցակետ մուտք գործող Կոսովոյի ոստիկանների ճանապարհը եւ զինված դիմադրություն ցույց տվել: Սերբերը ճանապարհներին արգելապատնեշներ են տեղադրել, որոնք էլ փորձում են վերացնել այնտեղ մեկնած ՆԱՏՕ-ի խաղաղարարները:




























