Թուրքը չկարողացավ ոչինչ անել, տականք, նարկաման, հարբեցողները թիկունքից թուրքի նման խփեցին մեր տղային: Նորագավիթում հունիսի 13-ին սպանված 26-ամյա Մհեր Խաչատրյանի հորեղբայրը՝ Մանվել Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է ՝ Մհերը նախքան բանակ գնալը պատանի երկրապահ էր, ասում  էր՝ զինվոր եմ դառնալու, երկիր եմ պահելու:

«Բանակում Եղնիկներում էր ծառայում, քառօրյա պատերազմի ժամանակ 4-5 ամսվա ծայայող էր, բայց դիրքերում էր: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, երկրորդ օրն ասաց կամավոր գնում եմ, գնաց ու կռվեց Շուշիում, Մարտակերտում: Հրադադարից հետո մի օր էլ մնաց, ասում էր՝ կարող է այսպես չվերջանա: Հաջորդ օրը նոր վերադարձավ»,-պատմում է Մանվելը և հավելում՝ պատերազմն իր հետքն էր թողել Մհերի վրա:

«Ընկերներ էր կորցրել, շատ ծանր էր տանում, գիշերները եռաբլուրում էր անցկացնում: Հետո երբ սահմանին իրավիճակը լարվում էր, իր ջոկատի հետ գնում էր: Ասում էր՝ հորեղբայր, մի՛ ասա՝ մի՛ գնա, ասա՛ Աստված քեզ հետ: Բա ես չգնամ՝ ո՞վ գնա: Իմ նպատակը, առաքելությունը երկիրը թուրքից պահելն է»,-ասում է նա:

«Երկու ավագ քույր ուներ, դեպքից 15 օր առաջ մի քույրն ամուսնացավ, Մհերն արդեն ասում էր, որ իր ամուսնանալու ժամանակն էլ է եկել: Տանը վերանորոգման աշխատանքներ էր անում, որ արդեն մտածեր ընտանիք կազմելու մասին»,-պատմում է հորեղբայրը:

Կորստի ցավից ծնողներն ու հարազատները դեռևս ուշքի չեն գալիս.

«Հոգեհանգստի ու հուղարկավորության արարարողությունների ժամանակ առաջին անգամ տեսա, թե ինչպես էին մի քանի հարյուր երիտասարդ լուռ կանգնած արտասվում: Նրանք այն տղաներն էին, որոնք պատերազմներ էին տեսել, ամեն ինչ տեսել էին. լռության մեջ միայն նրանց արտասվելու ձայնն էր լսվում: Ծնողների զգացմունքների մասին խոսելն անիմաստ է, դաժան է ուղղակի»,-պատմում է Մանվելը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ: Ոստկաներնն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել: Նախնական տվյալերով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակիչը հորը պատկանող Լադա մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության էր արժանացել Մ.Խ.-ի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել էր Մ.Խ.-ին ու պայմանավորվել հանդիպել, որին պատանու հայրը գնացել է ընկերոջ հետ:

Հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն էր ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել էր Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: