Երկրների և կառավարությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Ամստերդամում իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումները։ Եվրոպայում հրեաները պետք է ապահով զգան, նման հարձակումներն անընդունելի են, ուրբաթ X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Ամստերդամում իսրայելցի երկրպագուների նկատմամբ բռնության մասին հաղորդումներն անհանդուրժելի են։ Մենք չենք կարող հաշտվել դրա հետ»,-ընդգծել է նա։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ ցնցված է հրեաների վրա հարձակումից։ «Ամստերդամի պատկերները սարսափելի են և խորապես ամոթալի մեզ համար Եվրոպայում»,-գրել է նա X-ում: Ըստ Բերբոքի՝ «հրեաների նկատմամբ նման բռնության բռնկումը խախտում է բոլոր սահմանները», և դրա համար «ոչ մի արդարացում» չկա: Նա կոչ արեց ապահովել Եվրոպայում հրեաների անվտանգությունը:
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը դատապարտել է «իսրայելցիների դեմ բոլորովին անընդունելի հակասեմական հարձակումները»։ «Ես սարսափով հետևում էի Ամստերդամից ստացվող հաղորդագրություններին»,-գրել է նա X-ի իր միկրոբոլոգում և հավելել, որ կապ է հաստատել իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուի հետ: Նա վստահեցրել է, որ մեղավորները կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն։
«Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների նկատմամբ բռնությունները հիշեցնում են պատմության ամենամութ ժամերը։ Ես խստորեն դատապարտում եմ դա և իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերին»,- X-ի իր միկրոբոլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ վրդովված է «Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա նողկալի հարձակումներից»։ «Ես խստորեն դատապարտում եմ այդ անընդունելի գործողությունները։ Հակասեմիտիզմը տեղ չունի Եվրոպայում. Եվ մենք հավատարիմ ենք ատելության բոլոր ձևերի դեմ պայքարին»,-հավելել է նա:
ՄԱԿ-ը միջադեպն անվանել է «խիստ անհանգստացնող»: Կազմակերպությունը խորապես անհանգստացած է Ամստերդամում բախումների մասին հաղորդագրություններով, Ժնևում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը։ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խտրականության կամ բռնության՝ ազգային, կրոնական, էթնիկական կամ այլ ծագման հիման վրա։ «Որքան գիտենք՝ իշխանությունները միջադեպի առնչությամբ հետաքննություն են սկսել»,- հավելել է Լոուրենսը։
Նախորդ գիշեր դիմակավորված անձինք հարձակվել են իսրայելցի երկրպագուների վրա իսրայելական «Մաքաբի Թել Ավիվ» և հոլանդական «Այաքս» ակումբների միջև ֆուտբոլային խաղից հետո։ Հարձակվողներից ոմանք կրել են պաղեստինյան դրոշներ և պաղեստինամետ կարգախոսներ բղավել։ Հարձակվողները փորձել են ներխուժել նաև հյուրանոցներ, որտեղ իսրայելցիներ են եղել:
Ըստ տարբեր տվյալների՝ քաղաքի տարբեր շրջաններում տուժել է տասից երեսուն իսրայելցի երկրպագու։ Ոստիկանությունը հայտնել է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է: Տուժածները ստացել են ծեծի և դանակի վնասվածքներ։ Ձերբակալվել է 62 մարդ։
Նեթանյահուն կարգադրել է անհապաղ երկու ինքնաթիռ ուղարկել Նիդեռլանդներ՝ Իսրայելի քաղաքացիներին երկիր վերադարձնելու համար։ Նա Նիդեռլանդների իշխանություններից պահանջել է «արագ և վճռական գործողություններ» ձեռնարկել անկարգությունների դեմ՝ Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Իսրայելի ԱԳՆ-ն Ամստերդամում գտնվող իսրայելցիներին հորդորել է չլքել հյուրանոցները։
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը արտակարգ այցով մեկնել է Նիդեռլանդներ։



























