Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը կասկածում է , որ ԱՄՆ-ն կապ ունի Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդների` իրար հետեւից  քաղցկեղով հիվանդանալու գործում:

«Տարօրինակ կթվար, եթե նրանք քաղցկեղի տարածման տեխնոլոգիա ունեն եւ այդ մասին դեռեւս հայտնի չէ»,- հայտարարել է Չավեսը` հիշեցնելով, որ 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ն փորձեր է կատարել Գվատեմալայում`մարդկանց  վարակելով տարատեսակ հիվանդություններով, այդ թվում` կանանց եւ երեխաներին:

Չավեսի խոսքով` Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդների շրջանում քաղցկեղի համատարած բնույթը բացատրելը դժվար է: Նա հիշել է նաեւ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի խոսքերը, որը Չավեսին կոչ էր արել մարդկանց հետ շփվելիս զգուշանալ:

Ճիշտ է, հետո Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ հասցեական մեղադրանքներ չի ներկայացնում, այլ միայն, օգտվելով առիթից, իր կարծիքն է արտահայտում «շատ տարօրինակ փաստերի առթիվ, որոնք դժվար է բացատրել»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները, որը երկրորդ անգամ անընդմեջ նախագահ է ընտրվել, վահանագեղձի քաղցկեղով է հիվանդ: Վերջին տարիներին պարզվել է, որ քաղցկեղային տարբեր հիվանդություններով  են տառապում  Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն:  Անցած ամռանը  Չավեսի օրգանիզմում եւս քաղցկեղ են հայտնաբերել, ինչից հետո նա բուժման կուրս է անցել Կուբայում եւ հայրենիքում: Այժմ Չավեսը պնդում է, որ լիարժեք հաղթահարել է հիվանդությունը եւ միանգամայն առողջ է: