Իրանի նախագահը Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում, բացի Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից, մտադիր է նաև 9 հուշագիր ստորագրել՝ մշակույթի, արվեստի և առևտրի ոլորտներում։

Ըստ Tasnim լրատվական գործակալության, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաջ Միրզաին, պատմելով այցի մանրամասների մասին, նշել է, որ չնայած լեզվական և մշակութային տարբերություններին՝ Իրանն ու Հայաստանը ընդհանուր քաղաքակրթության մաս են կազմում։ Նրա խոսքով՝ անցկացված հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 85%-ը դրական է վերաբերվում Իրանին։ Նա հավելել է, որ սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի 12-օրյա պաշտպանության ընթացքում Հայաստանի բնակիչները ուշադրությամբ հետևել են իրադարձություններին և ուրախություն հայտնել Իրանի հաղթանակների կապակցությամբ։

Նա հավելել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Երևանում բնակվող իրանցիների հետ, ինչպես նաև այցելություն Կապույտ մզկիթ, որը դարավոր պատմություն ունեցող հնագույն մզկիթներից մեկն է։ Բացի այդ, նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, որի շրջանակում կստորագրվեն համագործակցության ինը հուշագիր՝ մշակույթի, կինոյի, թանգարանային փոխանակումների և առևտրային փոխգործակցության ոլորտներում։

Հաջի Միրզաին ընդգծել է, որ այցի հիմնական ուղղություններից մեկը իրանցի և հայ գործարարների հետ համատեղ հանդիպումն է։ Իրանցի գործարարների մի խումբ Երևան է ժամանել երեկվանից և արդեն սկսել է բանակցությունները իրենց հայ գործընկերների հետ։ Վաղը այս նիստը կշարունակվի Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ և կավարտվի համատեղ հայտարարության ընդունմամբ։

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, խոսելով տնտեսական համագործակցության մասին, նշել է. «Առևտրի ոլորտում մենք ուշադրություն ենք դարձնում ինչպես բարտերային գործարքների մոդելին, այնպես էլ երկու երկրների միջև սահմանային գործունեության զարգացմանը։ Անցյալ տարի Իրանի և Հայաստանի միջև առևտուրն աճ է գրանցել, սակայն դեռևս կարիք ունի հետագա ընդլայնման։ Առևտրային համագործակցության զարգացումն այս այցի հիմնական նպատակներից մեկն է»։

Խոսելով քաղաքական և տարածաշրջանային համագործակցության մասին՝ նա նշել է. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանը չպետք է օտարերկրյա տերությունների ազդեցության ասպարեզ լինի։ Տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները ի վիճակի են ինքնուրույն լուծել իրենց հարցերը և այս այցի ընթացքում մենք կփոխանցենք հարցի շուրջ առաջացած մեր մտահոգություններն ու տեսակետները։ Հույս ունենք, որ համագործակցության զարգացումը կհանգեցնի տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։