Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ) աջակցություն հայտնած քահանաներ Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը քննարկվում են Մայր աթոռի կարգապահական հանձնախմբում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Թե ինչ կորոշի կարգապահական հանձնախումբը, չեմ կարող ասել։ Նրանց կարգապահական հարցերը օրակարգում են»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։ Հաղարծնի քահանա Տեր Տարոն քահանա Հունանյանը ևս աջակցություն է հայտնել կարգալույծ հռչակված քահանային։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս կիրակի մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին։





























