Սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող 19-ամյա Քյարամ Ամոյանին, ով նաեւ «Եզդի Ճակոյի» քրոջ որդին է, արյան զեղումով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը:

Հարազատների պատմելով, փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 9.00-ի  սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել է, ճնշումը կտրուկ բարձրացել է, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը տրաքել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված է ստացել եւ ներկա պահին ընդհանրապես չի կարողանում խոսել, իսկ գիտակցությունը գնում-գալիս է: Սկզբում նույնիսկ ապրելու հույս չեն տվել:

Նրա ծնողներին հետաքրքրում է, թե 19 տարեկան երեխան ինչպե՞ս կարող է կաթված ստանալ: «Ինչպես են վարվել նրա հետ, որ նրա ճնշումն այդ աստիճան բարձրացել է եւ այսօրվա դրությամբ նրան ապրելու հույս չեն տալիս»,- բարձրաձայնում է մայրը: Տիկին Կարինեն նշում է, որ իրեն տեսակցելու հնարավորություն չեն տալիս, սակայն եթե այս անորոշությունը երկար շարունակվի, խոստանում է հենց հիվանդանոցում ինքնահրկիզվել:

Էրեբունիի հերթապա բժիշկ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ Քյարամ Ամոյանը կաթված է ստացել: Բժշկի խոսքով, Քյարամ Ամոյանի առողջական վիճակը լավ չէ եւ ներկա պահին անում են հնարավորինը` նրա կյանքը փրկելու համար:

Բժշկին ուղղված այն հարցին, թե ի՞նչը կարող էր 19-ամյա տղային հանգեցնել այդ վիճակի, նա պատասխանեց. «Ըստ երեւույթին նա անոթային խնդիրներ է ունեցել, որի ֆոնի վրա կարող էր նմանատիպ խնդիր առաջանալ»:

Հիշեցենք, որ դեռեւս դեկտեմբերի 22-ին մեզ տված հարցազրույցում Քյարամ Ամոյանի մայրն ասել էր. «Մեր փաստաբանը փորձաքննության արդյունքներն է ստացել, որ Քյարամիս քրտինքը, մատնահետքերը, արյունը չի համընկնում այդ  ավազակային հարձակումներ կատարողների հետքերի հետ, բայց դեռ նրան ազատ չեն արձակում: Ճիշտն ասած, առաջին հերթին, մտածում եմ  երեխայի առողջական վիճակի մասին, որ վիրահատեն: Դիմել եմ նախագահի աշխատակազմին, որտեղ ասացին, որ կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, բայց մինչ օրս չեն տեղափոխում: Այնինչ տղայիս անալգին, դիմեդրոլ են ներարկում եւ նա ամբողջ օրը սոված ծարավ պառկած է: Փաստաբանը ինչքան գնում է, ասում են, քնած ա, երբ գնում ա տղայիս խելքը գլուխը չի: Իբր ցանկանում են  Քյարամիս ցավերը հանգստացնեն, բայց փորձում են տղայիս  անջատելով ուրիշի մեղքը բարդել երեխայիս վրա: Իրական հանցագործները դրսում են»:

Կարինե Ամոյանը նշել է նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի:  «Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանանոցում էր պառկած»,- պատմել էր Քյարամ Ամոյանի մայրը:

Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ն ավելի ուշ կալանավորվել էին:

Հ.Գ. Քյարամ Ամոյանի մայրը խնդրում է, որ Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքի ստեղծված իրավիճակին:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը