Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը արդեն մի քանի շաբաթ գտնվում է աճող սկանդալի կենտրոնում, որի գագաթնակետը դարձավ Հաննովերի դատախազության պահանջը`  նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին: Հայցն ուղարկվել է ԳԴՀ-ի Բունդեսթագ:

Դատախազությունը կրկին ստուգել է փաստաթղթերը եւ լրատվամիջոցների հաղորդումները, եւ այնտեղ կասկածներ են առաջացել, որ Քրիստիան Վուլֆը ծառայողական դիրքը օգտագործել է անձնական նպատակների համար: Անձեռնմխելիությունից հանելը, հստակեցնում է Associated Press-ը, անհրաժեշտ պայման է ԳԴՀ նախագահի նկատմամբ ցանկացած հետաքննություն սկսելու համար:

Նախնական կասկածները հայտնվել են նաեւ կինոպրոդյուսեր Դավիդ Գրենվոլդի առնչությամբ: Գերմանական լրատվամիջոսների տվյալներով` Գրենվոլդը բազմիցս վճարել է Գերմանիայի տարբեր հյուրանոցներում Վուլֆի հանգստի հաշիվները: Դրա համար կինոպրոդյուսերը ստացել է Ստորին Սաքսոնիայի կառավարության, որը գլխավորում էր Վուլֆը, ֆինանսական երաշխիքները իր նախագծերի համար:

Գերմանական լրատվամիջոցներն ավելի վաղ Վուլֆին մեղադրել էին կասկածելի շահավետ պայմաններով տուն գնելու վարկ եւ արտոնյալ պայմաններով Audi ավտոմեքենա վարձակալելու մեջ:

Քրիստիան Վուլֆը իր հասցեին արված մեղադրանքները կտրականապես հերքում է, իսկ հրաժարական տալու ընդդիմության կոչերը մերժել է: