Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը պայքարի նոր օբյեկտ է գտել` մորուքավոր ոստիկաններին: Ներկայումս ծառայությունից կանոնադրական խախտումների համար հեռացվել են մի քանի իրավապահներ:
Բանն այն է, որ ոստիկանության մասին եգիպտական օրենքը սահմանում է, թե ոստիկանական ակադեմիայի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է պատշաճ արտաքին տեսք ունենա, այդ թվում` պարբերաբար սափրվի:
Որոշ տվյալներով, խստացումները թելադրված են համակարգը սալաֆիներից զերծ պահելու ցանկությամբ: Սալաֆիներն ավանդաբար պետք է մորուք ունենան: Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին իսլամիստները խորը ընդհատակ էին անցել, իսկ հեղափոխությունից հետո սկսել են լուրջ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում:
Մորուքավոր ոստիկանները նշել են, թե նոր որոշումը հակասում է երկրի սահմանադրությանը:




























