Որեւէ նոր հարկային բեռ չի ավելացվել գրահրատարակչության կամ գրքերի վաճառքի ոլորտում: Այսօր` մարտի 1-ին կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, որից վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանում խնդրեց, թե ինչու են գրքերը հունվարի 1-ից թանկացել; Վարչապետը նշեց, որ իրեն այդ հարցով դիմել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում` մի խումբ մտավորականներ:

Վ. Գաբրիելյանը պատասխանեց, որ որոշ տարընթերցում է եղել ավելացված արժեքի հարկի պայմանագրաիրավական հարաբերությունների ոլորտում: Սակայն ֆինանսների նախարարությունը պետեկամուտների կոմիտեի հետ հանդիպել է գրահրատակիչների ու գրավաճառների հետ, պարզաբանել իրավիճակը, իսկ շուտով, նրանց խնդրանքով, կհրապարակվի պաշտոնական պարզաբանում: Ֆինանսների նախարարը նշեց նաեւ, որ որոշ գրողներ լրացուցիչ արտոնություններ են պահանջում գրքերի համար:

Սակայն այս պարզաբանումները վարչապետին ակնհայտորեն չբավարարեցին, ու նա մի քանի անգամ փորձեց ճշտել. արդյոք գրքերի գինը կվերադառնա՞ նախորդ տարվա մակարդակին; Վ. Գաբրիելյանը վստահեցրեց, որ դա տեղի կունենա, իսկ եթե տեղի չունենա` պայմանավորված կլինի սուբյեկտների միջեւ պայմանավորվածություններով: Տ. Սարգսյանը, հղում անելով, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ասաց, որ վերջին շրջանում մոտ 10 գրախանութ է բացվել, հետեւաբար` շուկայում պետք է մրցակցություն լինի: Բոլոր դեպքերում` նա հանձնարարեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին` այդ շուկայում ուսւոմնասիրություն սկսել` պարզելու, թե արդյոք չկա՞ն հակամրցակցային համաձայնություններ: