Սիլվեսթր Ստալոնեն դատի է տվել կապալառուին, որը, ինչպես վստահեցնում է նա, անորակ վերանաորոգում է կատարել Լոս Անջելեսի իր առանձնատանը, ինչպես նաեւ բարձրացրել է օգտագործված նյութերի գները: Դերասանի կորուստը կազմել է 1.4 միլիոն դոլար:
Ինչպես հայտնում է TMZ կայքը, կապալառուն է ոմն Մոհամեդ Հադիդը, որին դերասանը վարձել էր 2009 թվականին` «Բեւեռլի Հիլզի իսկական տնային տնտեսուհիները» ռեալիթի-շոուի աստղ Լիզա Վանդերփամփի խորհրդով: Հադիդը վստահեցրել էր Ստալոնեին, որ խոհանոցային կահույքի տարրերից մեկը պատրաստված է բարձրորակ փայտից եւ արժե շուրջ 10 հազար դոլար:
Իսկ հետո պարզվել է, որ «բարձրորակ փայտն» ընդամենը նրբատախտակ է:
Բացի դրանից, տեղադրված օդափոխության համակարգը նույնպես չի արդարացրել Ստալոնեի սպասումները, իսկ բուխարին, ըստ նրա, պարզապես վտանգավոր է: «Եթե վերանորոգման համար դուք ցանկանում եք վարձել անպատասխանատու խաբեբայի, ապա Մոհամեդ Հադիդը նա է, ով ձեզ պետք է», - հայտարարել է Ստալոնեն, հաղորդում է Firstnews-ը: Գործը կվերանայվի Լոս Անջելեսի դատարանում:
Դերասանը պահանջում է վերադարձնել իրեն 1,4 միլիոն դոլար, որոնք նա ծախսել էր վերանորոգման վրա, եւ փոխհատուցում վճարել:




























