Մահացել է Ալժիրի առաջին նախագահ Ահմեդ Բեն Բելլան, որը պետության ղեկավար է դարձել 1962թ. անկախության հռչակումից հետո: Նա մահացել է Ալժիրի իր տանը` 96 տարեկան հասակում:
Անկախության համար պայքարի ընթացքում, որն սկսվել էր 1954թ., Բեն Բելլան «Ազգային ազատագրության ճակատ» կազմակերպության քաղաքական ղեկավարության կազմում էր, որը պայքարի էր դուրս եկել ֆրանսիական իշխանությունների դեմ:
1956թ. Բեն Բելլան եւ մի շարք այլ մարդիկ ձերբակալվել են եւ ազատ արձակվել 1962թ., երբ Ալժիրը ձեռք է բերել պետական ինքնավարություն, հաղորդում է NEWSru Israel-ը: 1963թ. Ահմեդ Բեն Բելլան Ալժիրի նախագահ է ընտրվել ոչ այլընտրանքային ընտրությունների արդյունքում:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից 1964թ. ապրիլի 30-ին Բեն Բելլային շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում:
1965թ. նա պաշտոնանկ էր արվել ռազմական հեղաշրջման ընթացքում, որն իրականացրել էր պաշտպանության նախարար Հուարի Բումեդիենեն:
Հեղաշրջումից հետո Բեն Բելլան հայտնվել էր տնային կալանքի տակ: Միայն 1980թ. են իշխանությունները հանել կալանքը, ինչից հետո Բեն Բելլային աքսորել են: Նա տասը տարի բնակվել է Շվեյցարիայոււմ, իսկ 1990թ. Ալժիր վերադառնալու թույլտվություն է ստացել:




























