Կիմ Չեն Իրն իր կտակում կոչ է արել չդադարեցնել զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունը: Հյուսիսկորեական նախկին առաջնորդի կտակի մասին հայտնել է բժիշկ Լի Են Կոլը, որն ավելի վաղ աշխատել է տեղական առաջնորդների կյանքի տեւողությունը երկարացնելու ծրագրի վրա, բայց 2011թ. փախել է արտասահման: Նա հայտարարել է, որ ունի Կիմ Չեն Իրի կտակի տեքստը:
«Հիշեք. միայն միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքի, ինչպես նաեւ մեծ հեռահարության հրթիռների ներուժի զարգացումն են ընդունակ խաղաղություն հաստատել Կորեական թերակղզում: Այդ մասին ոչ մի րոպե մի մոռացեք», - ասված է կտակում, հաղորդում է Lentra.ru-ն:
Կիմ Չեն Իրն իր կտակում ոչ պակաս կարեւոր տեղ էր հատկացրել գլխավոր թշնամու` ԱՄՆ-ի դեմ հոգեբանական հաղթանակի անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ նախազգուշացրել էր Չինաստանի հաշվով, որն ամենամոտ գործընկերից ժամանակի հետ կարող է դառնալ մի երկիր, «որին պետք է հետեւել բոլորից ավելի ուշադիր»: «Պատմական Չինաստանը Կորեայի համար խնդիրների աղբյուր է: Հիշեք այդ մասին եւ զգուշություն պահպանեք: Մի թողեք` չինացիները ձեզ օգտագործեն», - ասված է կտակում:




























