Պարուհի եւ մերսման մասնագետ Սոֆիա Կանդելակին ամերիկացի միլիոնատեր Թոմաս Հարթմանից, որին արդեն 2 ամսով բանտ է նստեցրել,  10 մլն դոլար փոխհատուցում է պահանջում, գրում է New York Post-ը:

Հարթմանը 60-ի փոխարեն 35 օր նստելուց հետո ազատվել է, բայց  ամերիկացու միլիոնները, երեւում է, հանգիստ չեն տալիս ռուսաստանցի հնարամիտ վրացուհուն:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր NEWS.am-ը, դեպքը պատահել է 2011թ. Մանհեթանի իտալական  ռեստորաններից մեկում: 42-ամյա Հարթմանը վիճել է 37-ամյա Կանդելակիի հետ եւ ապտակել նրան: Նրա թեւին Rolex ֆիրմայի ոսկե ծանր ժամացույց է եղել, որը պատռել է պարուհու ճակատը, արդյունքում բժիշկները 16 կար են դրել:

Մեղադրող կողմը պնդել է, որ դա գիտակցաբար մարմնական վնասվածք հասցնել էր եւ պահանջել է այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը` 12 ամիս: Պաշտպանությանը հաջողվել է կրճատել ժամկետը` հասցնելով երկու ամսվա: Միլիոնատիրոջ փաստաբանները պնդել են, որ ռեստորանի դեպքի ընթացքում Կանդելակին փորձել է թալանել իրենց պաշտպանյալին:

Ինքը Հարթմանը, որի ոտքերից մեկն արհեստական է, նշել է, որ պարուհուն պատահաբար է հարվածել` կորցնելով հավասարակշռությունը: Նշենք, որ Հարթմանը միլիոնատեր է դարձել պատահաբար: Նա սովորական շինարար է եղել, բայց 2004թ. կնոջը ծեծելու համար նրան ավտոմեքենայով հետապնդող ոստիկանները վթարի են ենթարկել, ինչի արդյունքում նրա ոտքը կտրել են:

2010թ. դատարանը պահանջել է Հարթմանին 16 մլն դոլարի փոխհատուցում տալ, ինչը միանգամից փոխել է նրա կյանքը:

Փոխհատուցման պահանջի մասին գաղափարը Կանդելակին հղացել է այս մանրամասնություններն իմանալուց հետո:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների,  37-ամյա Կանդելակին ռուս է: Սակայն  Facebook սոցցանցում նա որպես հայրենի քաղաք է նշել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Ինչպես հայտնում է elitedaily.com-ը, «Կանդելակին մերսման հիանալի մասնագետ է»: Նա իրեն ներկայացնում է նաեւ իբրեւ մերկապարուհի, բուսակերների խոհանոցի շեֆ-խոհարար, երգչուհի եւ երգահան: Նա լրագրողներին պատմել է, որ մի անգամ իրեն փորձել են առեւանգել:  2005թ. կինը ձերբակալվել էր մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով: