Հայտնի թուրք իրավապաշտպան, «Belge» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն հայտարարել է, որ կլռի ի նշան բողոքի եւ այլեւս մամուլին ոչ մի հարցազրույց չի տա:
Նա այդ մասին ասել է թուրքական «Hurriyet Daily News»-ի հետ հարցազրույցում`ընդգծելով, որ մամուլի հետ այս հանդիպումը կարելի է վերջինը համարել:
Ըստ նրա` իշխանությունները կօգտագործեն նրա արված ցանկացած հայտարարություն այն բանի համար, որպեսզի ցույց տան, որ Թուրքիայի արդարադատության համակարգում անկայուն իրադրությունը աստիճանաբար կկարգավորվի:
Զարաքոլուն նշել է, որ ուրախ չէ, որ իրեն բաց են թողել, եւ կնախընտրեր բանտում լինել իր որդի Դենիսի հետ:
«Իմ որդին կիսել է իմ ճակատագիրը: Մենք շարունակում ենք վճարել արժեքների համար, որոնց հավատում ենք սերնդից սերունդ, հորից որդի»,- հայտարարել է Զարաքոլուն:
Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուի «Belge» հրատարակությունը տպագրել է բազմաթիվ գրքեր Հայոց ցեղասպանության մասին: Իրավապաշտպանը եւ նրա որդին` Դենիսը, ձերբակալվել էին Քրդստանի համայնքների միության գործով:




























