Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Ղազինյանը հույս է հայտնել, թե նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:
Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումներին:




























