ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի եւ նրա նախորդ Ջորջ Բուշի գլուխների համար 16 միլիոն դոլար պարգեւ է խոստացվել: Այն խոստացել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ Նազիր Ահմեդը, որը վիրավորվել էր «Ուղղահավատների լեգեոն» խմբավորման առաջնորդ Հաֆիզ Մուհամադ Սայիդի դեմ սկսված որսի պատճառով:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Սայիդին բռնելու համար խոստացված պարգեւը վիրավորանք է ամբողջ մահմեդական աշխարհի արժանապատվության համար:
«Եթե ԱՄՆ-ը կարող է 10 միլիոն դոլար խոստանալ Հաֆիզ Սայիդին բռնելու համար, ապա ես իրավունք ունեմ 10 միլիոն ֆունտ պարգեւ խոստանալ նախագահ Օբամայի եւ նրա նախորդի Ջորջ Բուշ կրտսերի համար», - հայտարարել է Ահմեդը, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը` հղում անելով The Express Tribune-ին:
Բրիտանացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ պատրաստ է վճարել պարգեւատրումը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի վաճառել ամբողջ կարողությունը:
«Ուղղահավատների լեգեոնի» ղեկավարին բռնելուն օժանդակող տեղեկատվության դիմաց պարգեւի մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր ապրիլի սկզբին: 1990թ.-ից ձեւավորված խմբավորումը զինված պայքար է մղում Ջամմու եւ Քաշմիր նահանգները Հնդկաստանից առանձնացնելու համար: Այն Հնդկաստանում մի շարք դաժան հարձակումներ է իրականացրել, այդ թվում` Մումբայի 2008թ. ահաբեկչությունները, որոնց արդյունքում 166 մարդ էր զոհվել:
Ինչպես վստահեցնում է Վաշինգթոնը, «Ուղղահավատների լեգեոնը» գտնվում է պակիստանյան գլխավոր հատուկ ծառայության ոչ պաշտոնական հովանու ներքո:
Լորդ Նազիր Ահմեդն առաջին մահմեդականն է, որը բրիտանական թագուհուց ցմահ պերի տիտղոս է ստացել:




























