Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դեկտեմբերի 7-ին հայտարարություն է տարածել, որում նշել է, թե Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին` որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, կալանքից ազատելու եւ հավասար պայմաններում ընտրարշավին մասնակցելու հնարավորություն տալու միջնորդությունը:

«Ըստ Մարդու իրավուքների հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի՝ „Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք“: Ի լրումն սահմանադրական այս նորմի, ՀՀ Ընտրական օրենսգիրքն իր հերթին սահմանում է, որ պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նույն օրենսգիրքը առաջադրված եւ գրանցված պատգամավորության թեկնածուին կալանքի ձեւով ազատազրկումը նախատեսում է միմիայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ»,- հիշեցնում է ՀԱԿ-ը եւ հավելում, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին գրանցվել է որպես ԱԺ պատգամավորության թեկնածու՝ կարգավիճակ, որը նրան թույլ է տալիս լիապես օգտվել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր իրավունքներից. «Այսինքն՝ իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության, դատարանի մերժման այս որոշմամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը: Տվյալ դեպքում որեւէ այլ մեկնաբանություն մտացածին է ու բռնազբոս: Այսպիսով, պաշտոնական ընտրարշավի հենց առաջին օրը իշխանությունն սկսում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ աղաղակող ապօրինությամբ»: