Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, Խորենացի եւ Քրիստափորի փողոցների հատման վայրում «Երեւան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները ձեռնամուխ են եղել նոր կոյուղու կառուցմանը:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ «Կենտորն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի, շինարարությունը բացատրվում է երկու հանգամանքով: Առաջինը` կոյուղին այստեղ շահագործվում է երկար տարիներ եւ մասամբ խցանված է, ինչը հաճախակի  վթարների պատճառ է հանդիսանում: Եվ երկրորդը` Երեւանի քաղաքապետարանը սկսել է փողոցի ասֆալտապատումը: Ակնհայտ է, որ այս երկու աշխատանքների համատեղումը թույլ է տալիս հետագայում խուսափել փողոցի ծածկույթը վնասելուց:

Նոր պլաստմասե կոյուղագծի երկարությունը կազմում է 160 մետր, տրամագիծը` 500մմ: Ճիշտ է, արդեն նախկին կոյուղու տրամագիծը 600մմ էր, սակայն պլաստմասե խողովակը նորը լինելուց բացի նաեւ երկարակյաց է, եւ Արթուր Զակեոսյանի համոզմունքով, բնակիչների կողմից ճիշտ` ըստ նշանակության, շահագործվելու դեպքում հուսալիորեն կծառայի տասնամյակներ շարունակ:

Աշխատանքները փողոցում ընթանում են առաջընթաց տեմպերով, նպատակ ունենալով արդեն առաջիկա օրերին կոյուղին հանձնել շահագործման եւ «ճակատ» բացել ասֆալտապատողների համար: