«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը («Մաքուր ջուր» ապրանքանիշ) հայցադիմումով դիմել է ՀՀ Վարչական Դատարան` ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ս.թ. մարտի 30-ին կայացրած թիվ 211-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Այդ մասին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի նիստում ՀՀ ՏՄՊՊՀ-ն տուգանել է «ՄԳԱ Վոթըր» ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության համար: Ըստ ՏՄՊՊՀ եզրակացության` «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: Սակայն արտադրատեսակի վրա եւ գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը: Հանձնաժողովի դիտարկմամբ` «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին:

























