News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` մարտի 30-ին հրապարակել է ջրի շուկայում իրականացրած վարույթի արդյունքները:

Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը Հանձնաժողովին բողոք է ներկայացրել, տեղեկացնելով որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ տեղեկություններ: Մասնավորապես` «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր:

Հանձնաժողովն ուսումնասիրել է «ՄԳԱ Վոթըրի» գործունեությունը եւ բացահայտել, որ «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: Սակայն արտադրատեսակի վրա եւ գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը: Հանձնաժողովի դիտարկմամբ` «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին:

Բացի այդ, ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության եւ թյուրիմացության մեջ:

«ՄԳԱ Վոթըրը» այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է եւ 2011թ.-ին Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: Սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ներկա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է եւ թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում:  Մասնավորապես «Երեւան Ջրից» ստացված ջրի ծավալները համադրելով ընկերության կողմից թողարկված արտադրանքի ծավալների հետ պարզվել է, որ ընկերությունը ցույց է տալիս 55-60%-ի չափով ջրի կորուստ, որն ըստ Հանձնաժողովի մասնագետների` անհնար է: Բացի այդ, Հանձնաժողովը համադրել է նաեւ ընկերության կողմից թողարկված արտադրանքի համապատասխան ծավալները այլ ընկերությունից ձեռք բերված շշերի խցանների քանակի հետ եւ պարզել, որ ընկերությունը իրականում ավելի շատ արտադրանք է թողարկում, քան ցույց է տալիս:

Հանձնաժողովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակեց որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի այդ, հանձնարարվեց  5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:

Ինչ վերաբերում է բողոք ներկայացրած «Էվրի Դեյ» ընկերությանը, ապա այն իր կողմից արտադրվող աղբյուրի ջուրը ձեռք է բերում «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող խմելու ջրի հորատանցքերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ