Հայաստանի իշխանությունները ահաբեկում են բնակիչներին, որ նրանց հեռու պահեն Հայ ազգային կոնգրեսի հետ հանդիպումներից: Այդ մասին այսօր` ապրիլի 18-ին, Վաղարշապատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ շնորհակալություն է հայտնել բոլոր անձանց, ովքեր չեն վախեցել եւ եկել են ՀԱԿ-ի հետ հանդիպմանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր ընտրողների հետ հանդիպումները շարունակել է Արմավիրի մարզում:
Արամ Մանուկյանը ընտրողներին հայտնել է, որ ՀԱԿ-ի թիրախը Հանրապետական կուսակցությունն է, որի օրոք քաղբանտարկյալներ են եղել, հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել իրենք քաղաքական հայացքների համար:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը էջմիածնեցիներին կոչ է արել «ձայն չտալ հանցավոր ռեժիմին»: «Ռեժիմը այն իշխանությունն է, որ ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը եւ կտակել Սերժ Սարգսյանին։ Ոչ մի տարբերություն այս երկուսի միջեւ: Այս ռեժիմի առաջին մեղքն այն է, որ Հայաստանի բնակչությունը այս տարիների ընթացքում կրճատվել է մեկ միլիոնով»,- նշել է առաջին նախագահը` գործող իշխանություններին համեմատելով երիտթուրքերի հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի, երիտթուրքերը հայերին տեղահանում էին անապատներ, իսկ գործող իշխանությունները` Սիբիր։
Տեր-Պետրոսյանը իշխանություններին նաեւ մեղադրել է ժողովրդի վրա կրակելու մեջ: «Ով ձայն տվեց ՀՀԿ–ին եւ ՕԵԿ–ին, ինքն էլ է հանցավոր դառնում»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունն այսօր նաեւ հանդիպել է Մեծամորի եւ Արմավիրի ընտրողների հետ:



























