Թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») պատրաստ է ընդունել Հայ ազգային կոնգրեսի թեկնածու, իր մրցակից Սարգիս Քոչարյանի բանավիճելու հրավերը, եթե բանավեճի ձեւաչափը, տեղը եւ ժամանակը հարմար լինի իրեն։ Այս մասին NEWS-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։

«Ես պատրաստ եմ բանավիճել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ՝ ցանկացած հարցի շուրջ»,- ասաց նա՝ հավելելով, որ հրավիրողը պետք է ասի տեղը եւ ժամը, որպեսզի ինքը կարողանա պլանավորել իր գործերը։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով  առաջադրված թեկնածու Սարգիս Քոչարյանը բանավեճի է հրավիրել իր մրցակիցներին:

Այդ ընտրատարածքում առաջադրվել են նաեւ  անկուսակցական Թոռնիկ Գեւորգյանը, Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը,  Հակոբ Վարշամի Հակոբյանը, Սեդրակ Ֆիրդուսի Սարոյան (վերջինիս սատարում է ՀՀԿ-ն): Aravot.am-ի հետ զրույցում  Սարգիս Քոչարյանը նշել էր, որ չորս հանրապետականի հետ է մրցում՝ ակնարկելով նաեւ, որ հանրապետական Հակոբ Հակոբյանն էլ խաղի մեջ է մտել՝ ՀԱԿ-ից ու ՀԱԿ-ի թեկնածուից  ձայներ փախցնելու համար: