Վանաձորում թիվ  30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, փաստաբան Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառը պատռել են, ինչը նա համարում է ակնհայտ դիտավորություն, քանի որ «նախ պաստառը փակցված է եղել սահմանված վայրում, որը գետնից բավականին բարձր է, եւ երկրորդ` պատռել են դեմքի մասը»:

Պաստառը փակցված է Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 29-ը շենքի հարավային պատի արևմտյան մասին, թեկնածուն այն փակցրել է ապրիլի 14-ին, սակայն 2 օր անց հայտնաբերել է պատառոտված վիճակում:

Կատարվածի մասին Էդմոն Մարուքյանը ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ներկայացրել, քանի որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը: Պատգամավորության թեկածուն պահանջում է օրենքով սահմանված կարգով  գտնել և վարչական պատժի ենթարկել արարքի հեղինակին: «Հաղորդումը ներկայացնելուց հետո ոստիկանությունը զբաղվում է, իսկ թե ինչ արդյունք կլինի, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

Հավելենք, որ ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 4012 րդ հոդվածի համաձայն` նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: