Ռումինիայի մայրաքաղաքում օրերս հրատարակվել է բազմավաստակ ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ, Գիտության վաստակավոր գործիչ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» մենագրությունը, որը ֆրանսերենից ռումիներեն են թարգմանել Թագուհի եւ Մադելեյն Կարակաշյան քույրերը (Genocidul Armean, Bucuresti, 2012, 112 էջ): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայից: Աշխատության մեջ քննարկված են այնպիսի առանցքային հիմնախնդիրներ, ինչպես Հայաստանը դարերի ընթացքում. Հայոց լեռնաշխարը հայերի բնօրրանը եւ կենսատարածքը, իսկ  իրենք հայերը` նրա բնիկները եւ տերերը լինելու հանգամանքները, Արեւմտյան Հայաստանի նվաճումը Օսմանյան կայսրության կողմից, որը իրականացվեց 1639թ, երբ Հայաստանը բաժանվեց շահական Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ, հայերի վարչա-իրավական, ազգային-քաղաքական  եւ սոցիալ-տնտեսական դրությունը Օսմանյան կայսրությունում, Հայկական հարցը եւ նրա փուլերը, Հայերի ցեղասպանությունը-Արմենոցիդ, որտեղ հեղինակը հանգամանորեն եւ շատ դեպքերում նորովի է լուսաբանում Հայոց ցեղասպանության պատճառները: Աշխատությունում հատուկ բաժին է հատկացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին:

Նշենք, որ ռումիներենը տասներկուերորդ լեզուն է, որով լույս է տեսնում հեղինակի նշված աշխատությունը: Մինչ այդ մենագրությունը լույս էր տեսել անգլերեն, գերմաներեն, ֆ‎րանսերեն, ռուսերեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն, իսկ 2011թ. վերջերին` նաեւ կորերեն: