«Վալլեքս» ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից Թեղուտի գյուղացիներին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ ընկերությունը հայտնում է, որ իրենք որեւէ իրավական հիմք չունեն ծեծի ենթարկողներից Սամվել Դավթյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
«Վալեքսի» պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«1. Միջադեպին ներգրավված անձանց՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությունում աշխատանքը շարունակելու առնչությամբ.
Ցանկացած աշխատակցի աշխատանքից ազատելու հարցը կարող է լուծվել միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով, որով սահմանված են համապատասխան հիմքերն ու ընթացակարգերը: «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայումս չունի միջադեպի հետ առնչվող իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու իրավական հիմքեր: Սակայն, հաշվի առնելով միջադեպի զուտ փաստը, որոշում է կայացվել համապատասխան աշխատակիցներին իրենց զբաղեցրած պաշտոններից ժամանակավորապես՝ մինչև իրավապահ մարմինների կողմից միջադեպի հանգամանքների պարզաբանման հետ կապված դատավարական գործողությունների ավարտը, հեռացման մասին:
2. Միջադեպին ներգրավված անձանց՝ ոգելից խմիչքների ազդեցության տակ լինելու առնչությամբ.
Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ միջադեպի հետ առնչություն ունեցող աշխատակիցներից վերցվել են արյան համապատասխան փորձանմուշներ, որոնց լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ նրանք միջադեպի ժամանակ ոգելից խմիչքների կամ որևէ այլ հոգեմետ նյութի ազդեցության տակ չեն եղել:
3. Սամվել Դավթյանի՝ փախուստի մեջ լինելու առնչությամբ.
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության աշխատակից Սամվել Դավթյանը չի խուսափել իրավապահ մարմիններից, միջադեպից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ կատարվել են և ներկայումս կատարվում են դատավարական գործողություններ:
4. Միջադեպից հետո մարմնական վնասվածքներով բուժ. հաստատությունում հայտնված Հրաչիկ Ղորխմազյանի առնչությամբ.
«Թեղուտ» ՓԲ ընկերությունը հաստատում է, որ Հրաչիկ Ղորխմազյանը հանդիսանում է «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակից:
Եվս մեկ անգամ հավաստում ենք, որ «Վալլեքս» խումբը և նրա ղեկավարությունը միշտ պայքարել և պայքարում են բոլոր տեսակի ապօրինությունների և օրինախախտումների դեմ՝ անկախ դրանց կատարողներից ու դրսևորման եղանակներից: Մենք հետևողական ենք եղել և ապագայում ևս հետևողական ենք լինելու «Վալլեքս» խմբի անվան հետ առնչվող բոլոր իրավախախտումների, զանցանքների ու հանցանքների բազմակողմանի ու օբյեկտիվ լուսաբանման հարցում:
Բոլոր շահագրգիռ անձանց ևս մեկ անգամ հորդորում ենք մինչև իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների ավարտը, հնարավոր մեղավորներին բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելը ձեռնպահ մնալ միջադեպի կապակցությամբ անհիմն ու մտացածին հայտարարություններ անելուց»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 17-ի գիշերը երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Լոռիի մարզի Թեղուտ գյուղում գյուղացիների եւ «Վալեքս»-ի անվտանգության աշխատակիցների միջեւ: «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության պետ Սամվել Դավթյանը եւս 4 աշխատակիցների հետ ծեծել են թեղուտցի 6 երիտասարդների, մամուլի հրապարակումների համաձայն միջադեպի պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է անվտանգության աշխատակիցներից մեկի կողքով ու փոշի բարձրացրել:
Հանքավայրը տնօրինող Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Դավթյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Թեղուտ գյուղի բնակիչների պատմելով, «Վալեքսի» անվտանգության աշխատակիցներն Ալավերդիից օգնության են կանչել կարատեիստների եւ 20 հոգով ծեծի ենթարկել 6 գյուղացիների:




























