ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թիկնապահ չի ունեցել, չունի, եւ չի ունենալու նաեւ ապագայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն` արձագանելով այն տեղեկություններին, թե իր թիկնապահին ծեծի է ենթարկել Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի դասախոսներից մեկին: «Հետեւաբար իմ չակերտավոր թիկնապահը չէր կարող վեճի բռնվել որեւէ մեկի հետ` նրա չգոյության պատճառով: Երկրորդ, եթե նման խնդիր եղել է իրականում եւ այդ խնդիրը այդքան լուրջ էր, ինչու իմ այնտեղ եղած ժամանակ ուսանողների հետ դրսում նման հարց չի շոշափվել»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանի խոսքով, որոշակի քաշքշուկ այնտեղ եղել է ներկա անձանցից մեկի եւ դասախոսներից մեկի միջեւ, ինչը իրեն հետո պատմել են:
«Բացարձակ իմ չակերտավոր թիկնապահների հետ չշաղկապված պատմություն է»,-ընդգծեց նա:
Իսկ հարցին, թե ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Արմեն Աշոտյանն արձագանքեց, որ լուծումը տեսնում է միայն իրավական հարթության մեջ:
Նշենք, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է վերջիններիս հետ: Հանդիպումը բաժանվել է երկու մասի` առաջին հանդիպումը տեղի է ունեցել համալսարանի դահլիճում, որտեղ Ա. Աշոտյանը պատասխանել է ուսանողների եւ լրագրողների հարցերին: Երկրորդ հանդիպումը կայացել է բուհի բակում, որտեղ նախարարը մանրակրկիտ եւ սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են նախարարի` բուհի նախկին ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» հայտարարելու վերաբերյալ հրամաններին, որոնց արդյունքում դադարեցվել էին բուհի նախկին ռեկտորի լիազորությունները:




























