Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: NEWS.am-ին Կառավարությունից հայտնեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը: Ակնկալվում է, որ 2012 թվականին արդյունաբերության բնագավառի ընդհանուր ծավալները կհատեն մեկ տրիլիոն դրամի ցուցանիշը: Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին: Մասնավորապես, ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2011-ին հավանության է արժանացել 10 ներդրումային ծրագիր՝ 52,9 միլիարդ դրամի ծավալով, իսկ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հաստատվել է 4,3 միլիարդ դրամի 4 ներդրումային ծրագիր: Այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:
Ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրից օգտվելու ծավալները նախորդ տարի կազմել են 14 միլիարդ դրամ, իսկ այս տարի արդեն իսկ հավանության են արժանացել 1,3 միլիարդ դրամի երեք ծրագրեր: Արդյունաբերական ընկերությունների վարկավորման գործընթացն օրեցօր ավելի ինտենսիվ է դառնում:Ռազմավարության շրջանակներում միջազգային կառույցների հետ համագործակցությամբ նախատեսվում է մասնակցել տարբեր միջազգային ֆորումների, ցուցահանդեսների՝ հայկական ապրանքների առաջխաղացմանն ու արտահանմանը նպաստելու համար: Մասնավորապես, ապրիլի 20-ին գործարար պատվիրակություն է մեկնելու Վրաստան, որտեղ նախատեսվում է արտահանման ենթակա հայկական ապրանքների ներկայացման ծրագիր:
Նիստի ընթացքում անդրադարձել են նաեւ կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015 թվականների գործողությունների ծրագրի նախագծերի եւ Հայաստանի գինեգործության ոլորտային ռազմավարության մշակման ընթացքին:



























