Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրությունները դիտարկում է նախագահական ընտրությունների առաջին փուլ: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի իր ելույթում հայտարարել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, հավելելով. «Ընդ որում դա գիտակցում է նաեւ իշխանությունը, այլապես Սերժ Սարգսյանը չէր գլխավորի ՀՀԿ ցուցակը»:

«Հակահանրապետական դաշինքի հաղթանակի դեպքում կարող ենք խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց սկսել: Այս իշխանությունները չեն կատարել անցած նախընտրական ոչ մի խոստում եւ ծրագիր, հակառակ դեպքում` կթմբկահարեին, մազը գերան կներկայացնեին, ոչ թե կասեին` հավատացեք ու փոխվենք:

Մենք չեն հավատում իշխանությունների հավաստիացումներին, թե ազատ ընտրություններ են անցկացնելու: Հասկանալի չեն այն հիմնավորումները, որ իշխանությունները փորձում են բացատրել բացակայող շուրջ 700 հազար մարդկանց տեղեկությունները հայտնի երեք ուժերին չտալու հանգամանքը: Վարչախումբը ասում է մի բան, կատարում է ուրիշը: Նա ընտրակեղծիքներից զատ աջակցության որեւէ պաշար չունի»,-հայտարարել է Ջհանգիրյանը:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ անդրադարձել է երկրի տնտեսական վիճակին` խստորեն քննադատելով կառավարության քաղաքականությունը: Նախկին վարչապետը խոստացել է իշխանության գալու դեպքում կրկնապատկել թոշակները:

Հինգ տարում Բագրատյանը խոստանում է աշխատավարձի չափը հասցնել 245 հազար դրամի:

«Երկիրը կործանման եզրին է, եւ մայիսի 6-ին ընդդիմությունը պետք է նոն-ստոպ գնա լիակատար իշխանափոխության»,- նշել է Բագրատյանը: