Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Լոռիի դատախազի խոսքն աղճատված են ներկայացրել` կապված ապրիլի 16-ին Վանաձորում տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ դրա ժամանակ արձանագրված միջադեպի հետ, երբ քարեր նետելը դատախազը համարել էր «բողոքի արտահայտման ձեւ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին թվով 36 կազմակերպությունների ներկայացուցիչներ Վանաձորի «Հայք»-ի հրապարակում, նախապես իրազեկելով համայնքի ղեկավարին, կազմակերպել են հավաք, ապա՝ երթ դեպի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի` Վանաձորի գրասենյակ՝ բողոքելով ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության նախաձեռնության դեմ: Բողոքի ակցիայի ընթացքում որոշ անձինք գրասենյակի ուղղությամբ նետել են ձվեր եւ քար՝ վնասելով գրասենյակի գույքը, ինչպես նաեւ աշխատակիցներից մեկին պատճառելով մարմնական վնասվածք:
Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Տեղի ունեցածի վերաբերյալ Լոռիի մարզի դատախազի ներկայացրած կարծիքը լրատվամիջոցների կողմից հրապարակվել է աղճատված՝ մտայնություն ձեւավորելով, թե Լոռիի դատախազը, որպես բողոքի արտահայտման ձեւ, ձվերի եւ քարի նետումը համարում է թույլատրելի: Մինչդեռ՝ Լոռիի դատախազն իր կարծիքն է ներկայացրել՝ նախ հավաքի իրազեկված լինելու եւ հասարակական կարգի պահպանության գործում ոստիկանության ունեցած դերի վերաբերյալ` նշելով, որ ոստիկանները ապահովել են հասարակական կարգը եւ անհարկի միջամտության կարիք չի եղել, ապա նաեւ տեղեկացրել, որ երբ որպես բողոքի նշան նետվել են ձվեր, անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ եւ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր՝ համապատասխան իրավական գնահատական տալու համար:
Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ ստորեւ ներկայացնում ենք վիճարկվող հարցի վերաբերյալ Լոռիի դատախազի հնչեցրած պատասխանի սղագրությունը.
«Կ. Շահբազյան. Անձանցից մեկը քար է շպրտել գրասենյակի ուղղությամբ, վնասել ապակին, եւ քարերից մեկը, կոտրելով ընկնելով ներս, վնասել է գրասենյակի աշխատակցուհու ոտքը: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության` արդեն օպերատիվ մասը, ձեռնարկել են միջոցներ, անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքը գրանցված է, նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են փորձաքննություններ:
Հարց. Պարոն Շահբազյան, ձվերի նետումը եւ քարերի նետումը հասարակական կարգի խախտում չէ՞:
Կ. Շահբազյան. Դա բողոքի արտահայտման ձեւ է, որի գնահատականը նյութերի նախապատրաստման ընթացքում կտրվի:
Հարց. Պարոն Շահբազյան, արդյոք ոստիկանությունն իրավասո՞ւ էր կամ իրավասու չէ՞ր հենց էդ պահին ձերբակալել քարեր ու ձվեր նետողներին ու կա՞ն արդյոք ձերբակալվածներ:
Կ.Շահբազյան. Ես նշեցի, որպեսզի հարց չառաջանա, որ նախապատրաստվում են նյութեր: Առանց քրեական գործ հարուցելու անձինք չեն ձերբակալվում, տեղում բողոքի արտահայտման ձեւերը այժմ քննարկվում են, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանել է: Արդեն իսկ երբ որ գործողությունները դուրս են եկել` ձվեր նետել, քարեր նետել, դրա համար անմիջապես ժամանել է օպերատիվ մասը եւ անցել իր անհետաձգելի քննչական գործողությունների կատարմանը: Եթե կա, պարզվի հանցակազմ, ապա կհարուցվի քրեական գործ եւ կտրվի համապատասխան ընթացք: Այս պահին նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո արդեն նյութերի հետագա ընթացքի հարցը կորոշվի»:
Սղագրությունը վկայում է, որ Լոռիի մարզի դատախազի հնչեցրած հայտարարությունները մեկնաբանվել են միակողմանի՝ հասարակության մոտ ձեւավորելով թյուր կարծիք, թե քարեր նետելը բողոքի արտահայտման թույլատրելի ձեւերից է: Ճիշտ հակառակը՝ Լոռիի դատախազը հստակ հայտարարել է, որ բողոքի արտահայտման այդօրինակ ձեւերի գնահատականը կտրվի նյութերի նախապատրաստման ընթացքում:
Չենք կարծում, որ հրապարակային հնչեցրած հայտարարություններն աղճատված ներկայացնելը նպաստում է խոսքի ազատությանը»:


























