Թուրքիայի Իզմիր քաղաքում դեկտեմբերի 10-13-ը կազմակերպվող Travel Turkey ցուցահանդեսին կմասնակցի Հայաստանի ճամփորդական գործակալների միությունը։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ հայկական կողմը ցուցահանդեսին կներկայանա տաղավարով։ Նույն օրերին կազմակերպվող զբոսաշրջությանը նվիրված քննարկումների օրակարգում կլինի նաեւ «Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, զբոսաշրջության նոր հեռանկարներ» թեման։

Իզմիրի՝ զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միությունը, (TÜRSAB), Իզմիրի ցուցահանդեսների միությունը (İZFAŞ)-ը։ Ցուցահանդեսին կմասնակցեն 17 երկրներ՝ 430 ընկերություններով։

Ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցեն Հայաստանի ճամփորդական գործակալների միությունը, Ամերիկյան գործակալների միությունը (ASTA) եւ Ռուսաստանի ճամփորդական գործակալների միությունը (RATA):

Իզմիրի ցուցահանդեսային միության նախագահ Դողան Իշլեյեն, անդրադառնալով ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը, ասել է. «Բացի երկու երկրների իշխանությունների միջեւ ընթացող զարգացումներին՝ անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտում նույնպես մերձեցում ապահովել։ Հայաստանի կողմից այս ցուցահանդեսին մասնակցելը շատ կարեւոր քայլ է՝ հարաբերություների սկսկման տեսանկյունից։ Ցուցահանդեսին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը կայցելի Հայաստանի ճամփորդական գործակալների միության տաղավար։ Այստեղի հանդիպումը ուղերձ կլինի Հայաստանին։ Մենք էլ առաջիկայում կարող է մասնակցել Հայաստանում տեղի ունենալիք ցուցահանդեսին, ինչպես նաեւ հնարավոր է բացենք ներկայացչություն Հայաստանում»,-ասել է Իզմիրի ցուցահանդեսային միության նախագահը։